Կարիք չի եղել, որ Սպարտակ Մելիքյանն «իր տղամարդկությունը» ապացուցի Աղվան Վարդանյանին

21:37 • 24.06.14

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագծի ընդունումից հետո ԱԺ «Հայ յեղափոխական դաշնակցություն» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանի «լեզվակռիվը» «Հանրապետական» խմբակցության անդամ Սպարտակ Մելիքյանի հետ չի տեղափոխվել նիստերի դահլիճից դուրս, և վերջինիս՝ «տղամարդկությունն ապացուցելու կարիք չի եղել»: Tert.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավորն ասաց.


«Էլ ի՞նչ ապացուցեմ, ես պատասխանել եմ իրենց, ու վերջ, դրանով իրենք իրենց սխալը հասկացել են երևի, որ չեն շարունակել»։


Հիշեցնենք, որ նախագծի քվեարկությանը ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտարարեց, թե բացակա պատգամավորների փոխարեն նրանց գործընկերներն են քվեարկել, և տվել էր Սպարտակ Մելիքյանի անունը, այնուհետև նշել էր, թե «տղամարդկությունը էն չի, որ օրենքը խախտեք, տղամարդկությունը էն ա, որ ամեն մեկն իր գործն անի»:


ՀՅԴ պատգամավորին արձագանքել էր Սպարտակ Մելիքյանը՝ նշելով. «Տաբլոն բացեք, որ չասեն` ես քվեարկել եմ ուրիշի տեղը: Եթե որևիցե մեկը կասկածում է իմ տղամարդկության վրա, որ կարող եմ սխալ անել ու պատասխան չտալ, տղամարդկություն ապացուցելու առանձին տեղեր կան, ես ձեզ կապացուցեմ իմ տղամարդկությունը»:


«Հետագայում արդեն համոզելու խնդիր չի եղել, ես միանգամից ասացի, որ տաբլոն թող բացեն, տեսնեն, բացի այդ Էդուարդ Շարմազանովը հանել է այդ քվեարկության արդյունքը և տվել լրատվամիջոցներին, որտեղ պարզ երևում է, որ ես չեմ քվեարկել, որ քվեարկած լինեի, վախենալու ի՞նչ կար»,-նշեց նա։


Սպարտակ Մելիքյանը նկատեց, թե պատգմավորների միջև հաշտվելու խնդիր չկա. «Ես պատերազմ էլ չէի հայտարարել, ուղղակի սխալվել էին, ոչ կոռեկտ արտահայտություն էին արել իմ հասցեին՝ առանց պարզելու, ես էլ պատասխանել եմ։ Ո´չ պատերազմ եմ հայտարարել, ո´չ էլ հաշտվելու խնդիր կա, դե հիմա մարդ ա, առանց մտածելու պոպուլիստական երկու քայլ է արել, ես էլ պատասխանը տվել եմ, ի՞նչ կա կռվելու կամ հաշտվելու»,-եզրափակեց նա։