Ռուսաստանում ռեստորանների և սրճարանների եկամուտներն անկում են գրանցել՝ ծխելու արգելքի պատճառով
Ռուսաստանում ռեստորանների, բարերի և սրճարանների եկամուտներն ընկել են 15-20 տոկոսով՝ ծխելու արգելքի ներդրման պատճառով: Այդ մասին գրում է «Известия» թերթը՝ հղում անելով Ռուսաստանի ռեստորանների և հյուրանոցների սեփականատերերի ֆեդերացիայի տվյալներին:
«Դա շատ լուրջ է: Դա սրճարանների, ռեստորանների, բարերի տվյալներն են: Ակումբները մենք չենք հաշվել»,- ընդգծել է ֆեդերացիայի նախագահ Իգոր Բուխարովը:
Բուխարովը նաև հայտնել է, որ իր եվրոպացի գործընկերների խոսքերով՝ «առաջին տարվա ընթացքում, երբ սկսում է գործել արգելքը, անկումը շատ լուրջ է»:
«Այնուհետև հաճախորդները վերադառնում են՝ սովորելով և հարմարվելով արգելքին: Բայց մինչ այդ հաստատությունների մի մասը սնանկանում է»,- նշել է նա:
Հունիսի 1-ից Ռուսաստանում գործող սրճարաններում և ռեստորաններում, միջքաղաքային գնացքներում, բնակարանային, հյուրանոցային և կենցաղային ծառայությունների տրամադրման համար նախատեսված տարածքներում ծխելն արգելվել է:










