Օբաման Պուտինի հետ զրույցում ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներով է սպառնացել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայի արևելք զենքի մատակարարումն ու անջատողականներին օգնության ցուցաբերումը՝ սպառնալով նոր պատժամիջոցներ կիրառել։
Ինչպես տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը, Օբաման հեռախոսազրույց է ունեցել ռուս առաջնորդի հետ և նրան նախազգուշացրել է Ռուսաստանի դեմ հնարավոր նոր պատժամիջոցների մասին։
«Նախագահ Օբաման ողջունել է նախագահ Պորոշենկոյի խաղաղ ծրագիրն ու Ռուսաստանին կոչ է արել սերտորեն համագործակցել ուկրաինական կառավարության հետ։ Նախագահը կոչ է արել Պուտինին ճնշում գործադրել անջատողականների վրա, որպեսզի նրանք ընդունեն հրադադարն ու կանգնեցնեն սահմանից զենքի մուտքը»,-ասված է Սպիտակ տան կայքում։
Կրեմլը երկու առաջնորդների երկխոսությունն այլ կերպ է ներկայացրել։
«Քննարկվել են Ուկրաինայի ներքին ճգնաժամի տարբեր ոլորտները, այդ թվում՝ խաղաղ ծրագրի իրականացումը, որն առաջ է քաշվել նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից։ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի կարգավորման համար էական նշանակություն ունի մարտական գործողությունների դադարեցումն ու կողմերի միջև ուղիղ բանակցությունների սկիզբը»,-ասված է ՌԴ նախագահի կայքում։










