Անմեղները չեն դատապարտվի, ես անձնական պատասխանատվություն եմ վերցնում ինձ վրա. ՀՀ գլխավոր դատախազ

16:38 • 25.06.14

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այսօր ընթացիկ տարում առաջին անգամ հրավիրած մամուլի ասուլիսին հայտարարեց, որ Հայաստանում անմեղ մարդիկ չեն դատապարտվի և որ դրանում ինքն անձամբ պատասխանատվություն է կրում։
Գլխավորը դատախազը տեղեկացրեց, որ ասուլիսը հրավիրվել է հուլիսի 7-ին Դատախազության օրվան ընդառաջ և նպատակն է հանրության ներկայացնել հիմնական աշխատանքները, ուղղությունները, որոնք պետք է կատարվեն, ինչպես նաև անցած 9 ամիսների կատարված աշխատանքը:


«Ես երաշխավորում եմ, որ անմեղ մարդիկ չեն դատապարտվի, ես անձնական պատասխանատվություն եմ վերցնում ինձ վրա: Անպատժելիության մթնոլորտը հանցավորության աճին է նպաստում: Բոլորն իրենց արարքի համար պետք է ենթարկվեն պատասխանատվության»,-ասաց նա:


Վերջին շրջանում երկրում կրակոցների ավելացումը Գևորգ Կոստանյանը պայմանավորեց նրանով, որ դրա մասին ավելի շատ է հիմա խոսվում՝ վստահեցնելով, որ ոստիկանության կողմից բավական լուրջ աշխատանք է կատարվում այդ ուղղությամբ, և այսօր արդեն կարելի է տեսնել, որ բավական լուրջ արդյունքներ կան:


Ամփոփելով վերջին ամիսների աշխատանքը՝ դատախազը ներկայացրեց, որ առաջին հերթին դատախազությունում տեղի է ունեցել կառուցվածքային փոփոխություն, սկզբունքների փոփոխություն:


Երկրորդ կարևոր հանգամանքը, նրա խոսքով, կադրային քաղաքականությունն է: «Վերջին 9 ամիսների կադրային փոփոխությունների արդյունքում դատախազության համակարգից դուրս է եկել 80–ից ավել դատախազ, որոնց մի մասին գործունեությունն անհամատեղելի է եղել առաջադրված աշխատանքային չափորոշիչներին: Համակարգից դուրս են եկել նաև պրոֆեսիոնալ և ազնիվ դատախազներ, ովքեր դրա համար ունեցել են սոցիալական, նյութական կամ անձնական պատճառներ»,- ասաց Գևորգ Կոստանյանը՝ հավելելով, որ փոխվել է դատախազության համակարգի գրեթե 1/3-ը:


Հաջորդիվ դատախազը կարևորեց կաշառակերության դեմ պայքարը՝ նշելով, որ դատախազության գործունեության գլխավոր սկզբունքներից է: «Կաշառքի սխեմայի բացակայության պայմաններում, որքան էլ տարօրինակ թվա, դժգոհությունները բավական շատ են լինում, քանի որ կաշառակեր ոստիկանը, քննիչը, դատախազը, դատավորը, իրենց հարազատներից ոմանք չեն հասնում իրենց համար ցանկալի և ապօրինի ակնկալիքին»,-ասաց նա՝ տեղեկացնելով, որ կաշառակերության համար ինքը դեռ որևէ դատախազի դատի չի տվել:


Հարց հնչեց Քննչական կոմիտեի մասին, որին գլխավոր դատախազը պատասխանեց այսպես. «Ինձ համար տարբերություն չկա, թե ով կլինի քննչական կոմիտեում, ինձ համար տարբերություն չկա, թե այդ մարմինն ինչ կառուցվածք կունենա, իսկ թե ո՞վ կղեկավարի, դա առավել ևս դատախազության գործառույթների վրա չի ազդում, ով ուզում է, թող լինի»:


Գևորգ Կոստանյանն անդրադարձավ նաև էլեկտրոէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ Երևանի Սարյան փողոցում հունիսի 23-ին ոստիկանների կողմից ֆիզիկական ուժ կիրառելուն՝ ասելով, որ դա կատարվել է օրենքի սահմաններում:


«Ֆիզիկական ուժի չգործածումը կարող է ոստիկանին պատասխանատվության առաջ կանգնեցնել, օրենսդրությամբ սահմանված է, որ ոստիկանը մի շարք դեպքերում, այդ թվում ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար իրավունք ունի կիրառել ֆիզիկական ուժ, որպեսզի իր պարտականությունները կարողանա պատշաճ ապահովել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այլ հարց է, թե կիրառված ուժը որքանով է համաչափ:


ՀՀ գլխավոր դատախազի խոսքով՝ նման դեպքերում պետք է խոսել ոստիկանի կողմից կիրառված ուժի անհրաժեշտության և համաչափության մասին: Ինչ վերաբերում է Սարյան փողոցի իրադարձությանը, նա նշեց, որ այն մարդիկ, որոնք կդիմեն իրենց նկատմամբ կիրառված բռնության հարցով, ապա իրենք կզբաղվեն այդ գործերով. «Փաստ է, որ նյութեր նախատեսվում է ինչպես ոստիկանի կողմից, այնպես էլ այլ անձանց նկատմամբ ոստիկանի կողմից բռնություն կատարելու մասին»:


Հարց հնչեց նաև օֆշորի գործի վերաբերյալ, ինչի ի պատասխան Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ, իհարկե, այդ գործը գտնվում է իր ուշադրության կենտրոնում, և փաստը, որ գործում ներառված անձանցից Աշոտ Սուքիասյանն արդեն արտահանձնվել է, նոր թափ կհաղորդի գործի քննությանը: Այս պահին այլ մանրամասներ գլխավորը դատախազը հրաժարվեց ասել: