Աֆրիկյանների շենքից ապամոնտաժված արժեքավոր քարերի պահպանությամբ զբաղվում է Գլենդել Հիլզը, իսկ նախարարությունը վերահսկում է
Մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը Tert.am-ի հետ զրույցում հստակեցրեց, որ Աֆրիկյանների շենքի ապամոնտաժված քարերը մեքենաներով տեղափոխվում են «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի տարածք՝ Սեբաստիա 37 հասցե, որն էլ արժեքավոր քարերի պահպանության հիմնական պատասխանատուն է։
Կարո Այվազյանը բացատրեց, որ պահպանությունը դեռևս պետք է իրականացնի Տերյան 11-ի սեփականատերը՝ «Միլենիում Կոնտրակշեն» ՍՊԸ-ն, բայց ընկերությունը դիմել է նախարարությանը և տեղեկացրել, որ քարերի պահպանությունը տալիս են այն ընկերությանը, որը հետագայում պետք է շենքը վերականգնի, այսինքն՝ «Գլենդել Հիլզին»։
«Հին Երևան նախագծի գլխավոր պողոտայի տարածքում Աֆրիկյանների շենքը պետք է վերականգնվի «Գլենդել Հիլզի» կողմից։ Հիմա հուշարձանի պահպանության հետ կապված՝ այդ արժեքավոր քարերը, որպեսզի հնարավորինս քիչ տեղափոխեն, այսինքն, եթե «Միլենիում Կոնտրակշենն» իր տարածքում դա պահպաներ և տեղափոխեր, ևս մեկ անգամ պետք է «Գլենդել Հիլզը» տեղափոխեր, որովհետև վերականգնողն ինքն է լինելու, այդ իսկ պատճառով քարերը տեղափոխվում են «Գլենդել Հիլզի» ազատ տարածք՝ Սեբաստիա 37 հասցե»,-նշեց պաշտոնյան։
Կարո Այվազյանը տեղեկացրեց, որ Կառավարության 1616 որոշմամբ հաստատվել է այն ցուցակը, ըստ որի 14 հուշարձան պետք է տեղափոխվի, որից արդեն 6 հուշարձան ապամոնտաժվել է, իսկ Տերյան 11-ը 7-րդն է։
«Բացի այդ, Կառավարության կողմից հաստատվել է 2006թ.-ի գլխավոր հատակագիծը, որի համաձայն՝ Տերյան փողոցը միանում է Զաքիյան փողոցին և իր վրա տրանսպորտային բեռ է վերցնում. փողոցի լայնացման խնդիր կա։ Դա է պատճառը, որ Տերյան 11 հուշարձանն ընդգրկվել է տեղափոխվող հուշարձանների ցանկում։ Երևանի քաղաքապետարանը, որպեսզի կարողանա ապահովել այդ հուշարձանների վերականգնումը գլխավոր պողոտայի հատկացված տարածքում՝ Արամի, Բյուզանդի, Կողբացու այդ տարածքում գոյություն ունեցող տեղում, երկու հուշարձանի հետ միասին նախատեսել է Հին Երևան ծրագիրը, որտեղ 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի Երևանի ռուսական ժամանակաշրջանի պատմական միջավայրի վերստեղծումը պետք է իրականացնի»,-նշեց նա և հավելեց, թե ըստ իր տեղեկությունների՝ «Գլենդել Հիլզից» բացի ևս մեկ կազմակերպություն է մասնակցում այդ ծրագրին։
Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետը սակայն նկատեց, որ 2005թ.-ից Հին Երևան ծրագիրը կա, բայց մշակույթի նախարարությունը դեռ նախագիծն էլ չի ստացել։ «Դեռ Երվանդ Զախարյանի կողմից մեզ անընդհատ գրում են, թե նախագիծը կարվի, կներկայացվի։ Կարեն Կարապետյանը գրել էր, եթե չեմ սխալվում, որ երեք ամսվա ընթացքվում նախագիծը կներկայացվի, բայց պաշտոնապես մեզ չեն ուղարկել դա։ Չնայած տեղյակ ենք, որ Լևոն Վարդանյանը այդ նախագծի վրա աշխատում է, այսինքն՝ ինչ-որ գործ արվում է, բայց միևնույնն է՝ պաշտոնապես չեն ներկայացրել»,-նշեց նա։
Պաշտոնյան նաև տեղեկացրեց, որ մյուս վեց հուշարձանների քարերը տարբեր տեղերում են. «Այն ընկերությունները, որոնք ապամոնտաժել են, այդ մարդկանց տարածքում է, «Գլենդել Հիլզի» տարածքում էլ կա քարեր և այսօրվա դրությամբ պահպանվում են։ Այսինքն՝ պահպանությունը նախևառաջ նրանց վրա է, ում տարածքում դա գտնվում է, դրա հետ կապված ունենք համապատասխան փաստաթղթերը, այսինքն, եթե դրանք գողացվեն և այլն, և այլն, համապատասխան, չասեմ պատժամիջոց, բայց գործողություներ կլինեն մեր կողմից, այնպես որ այդ քարերը պահպանվում են, որպեսզի հետագայում վերականգնվեն»,-ասաց նա և նշեց, թե արժեքավոր քարերի հիմնական մասը «Գլենդել Հիլզի» տարածքում է պահպանվում, կա նաև Նորքի 5-րդ զանգվածում, և այլն։
Հարցին, թե չի՞ կարծում, որ քաղաքացիների անհանգստությունը տեղին է, քանի որ վերականգման աշխատանքների համար ոչ մի քայլ չի արվում, պաշտոնյան պատասխանեց. «Ես Երևանի քաղաքապետարանի տեղը չեմ կարող ասել դա, մենք անընդհատ գրում ենք գրություններ Երևանի քաղաքապետարան, մինչև հիմա ամեն դեպքում չենք ստացել։ Բայց նախագիծն արվում է, իսկ ինչքան ժամանակ կպահանջվի՝ չեմ կարող ասել։ Հույս ունեմ, որ գոնե այս տարի կներկայացնեն։ Քաղաքացիների վրդովմունքը ես հասկանում եմ, որ անընդհատ ապամոնտաժվում են, ու դեռ որևէ բան չի արվում։ Եթե քաղաքացիները տեսնեին, որ գոնե մի շենք, կամ ապամոտաժված մի քանի շինություն վերականգնվում է, մեկնարկել է այդ ծրագիրը, այս վիճակը չէր լինի, այս լարվածությունը հիմնականում այդտեղից է գալիս»,-նշեց նա։
Իսկ թե ըստ նրա՝ դա իրատեսակա՞ն նախագիծ է, քանի որ մեծ գումարների հետ կապված խնդիր է, Կարո Այվազյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ գումարները մե՞ծ են, թե՞ փոքր, բայց ով գնել է դա, իրենց բիզնես ծրագիրն է կատարել, իրենից պետք է հարցնել։ Մյուս կողմից՝ եթե մեծ գումարների ծախսերի խնդիր կա, հետագա եկամուտների ակնկալիք էլ կա։ Ինձ թվում է՝ հաշվարկել են, ով որ գնել է այդ տարածքները և ստանձնել ծրագրի իրականացումը»։
լուսանկարը՝ armtimes.com-ի










