«Ալ Կաիդան» և «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը միավորվել են Իրաքի ու Սիրիայի սահմանին

14:00 • 25.06.14

«Ալ Կաիդայի» սիրիական թևը համարվող «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորման ակտիվիստները միավորվել են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման հետ՝ հավատարմության երդում տալով Սիրիայի և Իրաքի սահմանին գտնվող Աբու Քամալ քաղաքում։
 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հաղորդել է Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը։

 

Իրավապաշտպանների խոսքերով՝ այդ փաստը շատ կարևոր է, քանի որ այժմ իսլամիստները կարող են վերահսկել սահմանի երկու կողմերը՝ սիրիական Աբու Քամալը և իրաքյան Էլ Քաիմեն։

 

«Նրանք մրցակիցներ են, երկու խմբավորումներն էլ բաղկացած են ջիհադականներից և իսլամիստներից։ Այդ քայլը լարվածություն կառաջացնի տարածաշրջանի այլ ապստամբ խմբավորումների, ներառյալ՝ իսլամիստների շրջանում»,- ասել է իրավապաշտպանների ղեկավար Ռամի Աբդուրահմանը։

 

2014թ.-ի փետրվարին «Ալ Կաիդան» հայտարարել էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորմանն աջակցելուց հրաժարվելու մասին։ Խմբավորման պաշտոնական ստորաբաժանում էր դարձել «Ջաբհաթ ան Նուսրան»։

 

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» սուննի խմբավորումը, որը մինչև վերջերս կռվում էր Սիրիայի տարածքում, հուլիսին գլխավորել էր Իրաքի հյուսիսային և արևմտյան շրջանների վրա կատարված հարձակումը։