Քաղաքագետները և՛ չեն ուզում, և՛ համոզված են, որ Հայաստանը չի անդամակցի ԵՏՄ-ին
Քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանը ցանկանում է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրն այնքան հետաձգվի, որ, ի վերջո, չկնքվի:
«Որովհետև այդ նոր փաստաթղթի տրամաբանության մեջ ընդհանրապես չի մտնում Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելը: Եվրոպան ասում էր հետևյալը՝ մենք տարբեր ենք բնույթով և ընդհանուր ենք նպատակներով: Իսկ Մաքսային միությունում մարդիկ բոլորը տարբեր են, նպատակն անհայտ է: ԵՏՄ-ի նպատակն այնքան անորոշ է, որ մենք չենք կարող ասել, թե միավորված են մի ազնիվ նպատակով, որը բարեկեցություն կբերի բոլորիս»,-հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց Անուշ Սեդրակյանը՝ շարունակելով, թե դրա համար ինքը կարծում է, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալը, եթե անգամ լինի, ապա կլինի խիստ ֆորմալ ու կարճատև:
Քաղաքագետ, ՀՀ Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանն էլ խոսելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության փաստաթղթի ստորագրման մասին, ասաց, թե նախևառաջ շատ չափազանցված է միֆը, թե Հայաստանը ճնշման տակ է սեպտեմբերի 3-ին հայտարարել Մաքսային միությանն անդամակցելու իր որոշման մասին: «Հակառակը, ես եկել եմ եզրակացության, որ դա Սերժ Սարգսյանի և վերնախավի որոշումն էր»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը:
Նրա գնահատմամբ՝ չի ստորագրվելու ԵՏՄ-ին անդամակցելու փաստաթուղթը, քանի որ տեսանելի է, որ տնտեսական միության հիմնադիր անդամները՝ Բելառուսը, Ղազախստանը շատ ակտիվ դեմ են Հայաստանի միանալուն:
«Կան բազմաթիվ լուրջ խնդիրներ, որոնք իրական հիմք են ստեղծում, որպեսզի նման պայմանագիր երբեք չկնքվի»,-նշեց քաղաքագետը:










