Տպավորություն է, որ Ռուսաստանն արցախյան հիմնահարցի արժեքի շուրջ առևտուր է վարում. Արման Մելիքյան

13:14 • 25.06.14

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԼՂ հարցի կարգավորման հարցում Ռուսաստանի Դաշնության ակտիվությանը՝ նշեց, թե իր կարծիքով Ռուսաստանը շահագրգռված է հնարավորինս արագ չեզոքացնել տարածաշրջանում իր շահերի դեմ ուղղված սպառնալիքները և շտապում է պարզել, թե ինչ կարժենա դա իր համար։ Արման Մելիքյանը նշեց, թե տպավորություն է, որ Ռուսաստանն արցախյան հիմնահարցի արժեքի շուրջ առևտուր է վարում, և քանի որ Հայաստանի պահանջած նվազագույնը պարզ է, խնդիրն Ադրբեջանն է մնում:


«Պաշտոնական Երևանը, դատելով ամեն ինչից, պատրաստ է հանձնել ազատագրված տարածքների գերակշիռ մասը՝ Արցախի անկախությունն Ադրբեջանի կողմից ճանաչվելու պայմանով: Ռուսաստանի խնդիրն է՝ համոզել Ադրբեջանին, որ ընդունի այս տարբերակը հենց իր միջնորդությամբ»,-նշեց նա:


-Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցի հիմնական առանցքը, նշում են, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումն էր։ Ինչպե՞ս կգնահատեք երեկվա ՀՀ և ՌԴ նախարարների հանդիպումը և զուգահեռ Պուտին-Ալիև հեռախոսազրույցը։


-Ռուսաստանը, կարծում եմ, շահագրգռված է հնարավորինս արագ չեզոքացնել մեր տարածաշրջանում իր շահերի դեմ ուղղված սպառնալիքները և շտապում է պարզել, թե ինչ կարժենա դա իր համար: Այն տպավորությունն է ստեղծվում, որ Ռուսաստանն արցախյան հիմնահարցի արժեքի շուրջ առևտուր է վարում և քանի որ Հայաստանի պահանջած նվազագույնը պարզ է, խնդիրն Ադրբեջանն է մնում: Պաշտոնական Երևանը, դատելով ամեն ինչից, պատրաստ է հանձնել ազատագրված տարածքների գերակշիռ մասը՝ Արցախի անկախությունն Ադրբեջանի կողմից ճանաչվելու պայմանով: Ռուսաստանի խնդիրն է՝ համոզել Ադրբեջանին, որ ընդունի այս տարբերակը հենց իր միջնորդությամբ:


- Ռուսական վերլուծական շրջանակները պնդում են, որ հնարավոր է առաջիկայում ՌԴ-ն հանդես գա ԼՂ հարցի խնդրի կարգավորման նոր նախաձեռնությամբ։ Հավանական համարո՞ւմ եք նման զարգացումները։


-Ռուսաստանը սպասելու ժամանակ չունի՝ ուկրաինական ճգնաժամը դեռ խորանալու միտում ունի, և արդեն իսկ նշմարվում են Ռուսաստանին հարող այլ տարածաշրջաններում հասունացող զինված հակամարտությունների նոր օջախները: Սա նշանակում է, որ Ռուսաստանը պետք է շատ հստակ պատկերացում ունենա, թե իր անմիջական հարևաններից որոնք են իր դաշնակիցներն ու բացահայտ կամ դեռ ծպտված թշնամիները: Ադրբեջանը շուտով դառնալու է Ռուսաստանի թիվ մեկ թշնամին մեր տարածաշրջանում և Մոսկվան կձգտի անել հնարավորը՝ իր դեմ ուղղված բացահայտ թշնամական գործողություններից Ադրբեջանին ետ պահելու համար: Այս պահին միակ գինը, որ կբավարարի Ալիևին՝ ամբողջ Արցախն է: Ռուսաստանը կարող է կողմերին այսօր մեկ բան առաջարկել՝ անդամակցել Եվրասիական տնտեսական միությանն առանց սահմանների խնդիրը դիտարկելու և վերադառնալ այդ հարցի քննարկմանը՝ վերահաս ճգնաժամը համատեղ ուժերով հաղթահարելուց հետո միայն: Եթե Ռուսաստանը դիմանա, ապա վերահաս ճգնաժամը հաղթահարելուց հետո կկարողանա Հարավային Կովկասում ցանկացած հարց լուծել իր նախընտրած տարբերակով: Այսինքն՝ ռուսները կարող են հետաձգել հարցի լուծումը՝ հակամարտության կողմերից յուրաքանչյուրին խոստանալով, որ հարցը կլուծեն ի նպաստ հենց իրենց:


- Կարծիքներ են հնչում, որ Ադրբեջանը և Ռուսաստանը միմյանց հետ հատուկ կարգի հարաբերություններ են մշակում, համամի՞տ եք։


-Եթե այդ հատուկ կարգի հարաբերությունները պետք է հիմնված լինեն այդ երկրների երկկողմ պայմանավորվածության վրա, ապա դրանք շատ կարճ կյանք կունենան, բայց կհասցնեն մեզ լուրջ տհաճություններ պատճառել: Ես այդ կարգի հարաբերությունների իրական հեռանկարը չեմ տեսնում:


- Հնարավոր տարբերակ համարո՞ւմ եք Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ-ին, քանի որ Ռուսաստանի ցանկությունն է նաև Ադրբեջանին տեսնել այդ միության մեջ և Ադրբեջանի համաձայնության դեպքում Հայաստանն անհանգստանալու առիթ չի՞ ունենա արդյոք։


-Ռուսաստանը կձգտի ներգրավել Ադրբեջանին այդ միության մեջ, և դա բնական է: Այլ հարց է, որ Հայաստանը չպետք է վճարի Ադրբեջանի անդամության գինը:


- Եվրախորհրդարանի նախագահի տեղակալ Յացեկ Պրոկաշևիչը այցելել է ԼՂՀ։ Ըստ Թևան Պողոսյանի՝ նման մակարդակով այց երբևէ չի եղել, ինչը նշանակում է՝ այլևս Ղարաբաղը տաբու չէ, և իրենք էլ արդեն Ղարաբաղի մասին խոսելիս կառաջնորդվեն սեփական պատկերացումներով և ոչ թե ադրբեջանական կամ հայկական պրոպագանդայով։ Համաձա՞յն եք այդ դիտարկման հետ, և ի՞նչ կտա Ղարաբաղին նման այցերի քաղաքական նշանակությունը։


- Այցն իսկապես աննախադեպ էր: Ես այն տպավորությունն ունեմ, որ այս կերպ Եվրոպան հասկացնում է Ադրբեջանին, որ վերջինս պետք է լուրջ վերաբերվի Ռուսաստանի առաջարկներին: Մեզ չպետք է ոգևորի այլոց վարած քաղաքականությունը՝ մենք պետք է մեր սեփականն ունենանք: