Նախորդ տարվա 7 700 տոննա ծիրանի դիմաց այս տարի արտահանվել է 70 տոննա. գյուղփոխնախարար
2014 թվականի հունիսի 25-ի տվյալներով` Հայաստանից արտահանվել է 24 740 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 19 590 տոննայի դիմաց:
Այս մասին Tert.am-ին ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը՝ նշելով, որ հիմնականում արտահանվել է խաղող՝ 2 620 տոննա, կեռաս՝ 339 տոննա, կարտոֆիլ՝ 18 400 տոննա, կաղամբ, ծաղկակաղամբ՝ 1500 տոննա, գազար՝ 188 տոննա, կանաչեղեն՝ 801 տոննա, ճակնդեղ, բողկ՝ 650 տոննա:
Ինչ վերաբերում է ծիրանի արտահանման ծավալներին, ապա գյուղատնտեսության փոխնախարարի խոսքով՝ այս տարի Ռուսաստանի Դաշնություն է արտահանվել 70 տոննա ծիրան:
«Անցած տարի այս նույն ժամանակահատվածում արտահանվել է 7 700 տոննա ծիրան»,-ասաց Ռոբերտ Մակարյանը՝ շարունակելով, թե բացի ծիրանից՝ մյուս պտուղ-բանջարեղենների արտահանման ծավալները հիմնականում գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշները:
Փոխնախարարն ասաց նաև, որ արտահանման գործընթացներն ընթանում են առանց խոչընդոտների:
Վրաստան, Ռուսաստան, Իրաք, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քուվեյթ. սրանք հիմնական երկրներն են, որտեղ արտահանվում են Հայաստանի պտուղ-բանջարեղենները:










