ԱՄՆ-ում աճուրդի է հանվել Ֆրենկ Սինատրայի առաջին վարորդական իրավունքը
Բոստոնի RR Auction աճուրդի տունը հոլիվուդյան կինոարդյունաբերությանը նվիրված առցանց աճուրդում վաճառքի է հանել լեգենդար ամերիկացի դերասան և երգիչ Ֆրենկ Սինատրայի առաջին վարորդական իրավունքը, գրում է ИТАР-ТАСС-ը:
Այդ իրավունքը Սինատրային իր հայրենի քաղաք Հոբոկենի իշխանությունները հանձնել էին 1934 թվականին, երբ նա 19 տարեկան էր:
Դեղնած թղթի վրա տպված է պատանու անունը և դրված է նրա ստորագրությունը: Փաստաթղթում նաև նշված է Սինատրայի բնակության հասցեն և նրա հասակի, քաշի, մազերի և աչքերի գույնի մասին տվյալներ: Այդ ժամանակ վարորդական իրավունքի վկայականում լուսանկարներ չկային:
Վարորդական իրավունքի հետ մեկ լոտով աճուրդում ներկայացվել է գրավոր բողոք, որը 1940 թվականին Սինատրայի դեմ ներկայացրել էր մի ամերիկացու փաստաբան։ Նա պնդել է, թե իր հաճախորդի ավտոմեքենան բախվել է հայտնի երգչի ավտոմեքենային: Չնայած, որ Սինատրան մեղավոր է ճանաչվել ավտովթարում, նա այդպես էլ չի փոխհատուցել տուժած վարորդի կրած վնասը: Այդ առնչությամբ փաստաբանը խնդրել է իշխանություններին զրկել Սինատրային վարորդական իրավունքից:
Թե ինչ գումար է նախատեսում RR Auction-ը ստանալ այդ լոտի համար, չի հաղորդվում:










