Բիլ Քլինթոնը խոստովանել է, որ իր նախագահության ավարտին բազմամիլիոնանոց պարտքեր է կուտակել
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հաստատել է, որ 2001 թվականի հունվարին, երբ լքել է պաշտոնը, իր ընտանիքը հսկայական պարտքեր է ունեցել, գրում է ИТАР-ТАСС-ը:
«Մենք իսկապես մի քանի միլիոն դոլարի չափով պարտք ունեինք»,- հայտարարել է Քլինթոնն ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որի հատվածները ցուցադրվել են եթերով երեքշաբթի օրը:
Երկու շաբաթ առաջ Հիլարի Քլինթոնը պատմել էր ABC հեռուստաալիքին, որ նրանք մեծ պարտքեր են ունեցել: Այդ խոսքերը քննադատության էին արժանացել ամերիկյան տպագիր մամուլի կողմից: Լրագրողները պնդում էին, որ ընտանիքի ֆինանսական դժվարություններն անհամեմատելի են այն խնդիրների հետ, որոնց բախվում են միլիոնավոր շարքային ամերիկացիներ:
Բիլ Քլինթոնը հերքել է պնդումները, թե իր կինը «կտրված է իրականությունից» և չգիտի՝ ինչ է նշանակում իսկապես դժվարությունների մեջ լինել:
Նախկին նախագահի խոսքով՝ նրա կինը ողջ կյանքը պայքարել է միջոցների սղության դեմ։










