Իրաքում ահաբեկիչների մոտ 80 թուրք պատանդ կա. Էրդողան
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը պատանդ է պահում Թուրքիայի 80 քաղաքացու։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է TRT հեռուստաընկերությունը։
Էրդողանի խոսքով՝ Անկարան անում է հնարավորն իր քաղաքացիներին ազատ արձակելու համար։
Վարչապետը նաև նշել է, որ երկրի ընդդիմությունը կառավարությունից կտրուկ քայլեր է պահանջում ընդդեմ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման, սակայն «չպետք է մոռանալ, որ ահաբեկիչների ձեռքում Թուրքիայի քաղաքացիներ կան»։
Հունիսի 10-ին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը գրավել էր Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքն ու այլ բնակավայրեր։
Խմբավորումը պատանդ էր վերցրել Մոսուլում Թուրքիայի հյուպատոսարանի աշխատակիցներին։










