Գլխավոր դատախազի մտքերը երկու ոտքից կաղում էին. Գորիսի նախկին քաղաքապետ

22:07 • 25.06.14

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը հակադարձում է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի այսօր արտահայտած կարծիքին, թե Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների հանցանքների մասին իր հայտարարություններն ու ներկայացրած փաստերը վաղեմության ժամկետի մեջ չեն:

 


«Ինչպես ինքն ինձ ասաց՝ այդ սուբյեկտը, ես էլ ասում եմ, որ ՀՀ դատախազության ղեկավար այդ սուբյեկտի՝ իմ մասին ասածները բացարձակապես աղերս չունեն իրականության և արդարության հետ: Նրա մտքերն այդ առումով պարզապես երկու ոտքից կաղում էին»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

 


Վերջինս հերթական անգամ հայտարարեց, թե Սուրիկ Խաչատրյանի հանցագործությունների վերաբերյալ իր ներկայացրած ավելի քան 60 փաստի բացարձակ մեծամասնությունը վերաբերում է անցած մի քանի տարվան, և դրանք անհերքելի փաստեր են:


Ինչ վերաբերում է գլխավոր դատախազի դեմ իր ներկայացրած դատական հայցին, որին ո´չ դատախազը, ո´չ նրա լիազորը չեն ներկայացել, Սամվել Հարությունյանն ավելացրեց. «Թող մի հատ գա, աչքերիս նայի, չեն գալիս, որովհետև չեն կարող դիմանալ իմ փաստարկներին, քանի որ դրանք անհերքելի փաստեր են, հակառակ դեպքում նրանք ինձ դատի կտային, կմեղադրեին սուտ մատնության մեջ և խստագույնս պատասխանատվության կենթարկեին»:


Նա կրկին հայտարարեց, որ իր համառությունը անսահման ու անսասան է, և որ ինքը ոչ մի կասկած չունի, որ «Լիսկան» և նրան պաշտպանող իրավապահները մի օր կանգնելու են հայոց ահեղ դատաստանի առաջ: