Իրաքում անհայտ ինքնաթիռները ռմբակոծել են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման դիրքերը
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դիրքերն Իրաքի հյուսիսային հատվածում ռմբակոծության են ենթարկել անհայտ ինքնաթիռներ։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, ԱՄՆ-ի Սպիտակ տունն արդեն շտապել է հայտարարել, որ իրենց ռազմական օդուժը որևէ կապ չունի տեղի ունեցածի հետ։ Մինչդեռ Իրաքի պետական հեռուստատեսությունը տեղեկացրել է, որ ռմբակոծումների հետևում կանգնած է ԱՄՆ-ն։
Al Arabiya-ն հավելում է, որ իրենց աղբյուրը տեղեկություններ ունի այն մասին, որ սիրիական ռազմական օդանավերն են իրականացրել հարձակումը։
Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ միայն հունիսին Իրաքում գրոհայինների գործողությունների հետևանքով զոհվել է 1.000-ից ավելի մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են եղել։ Հիշեցնենք, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները գրավել են երկրի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքն ու բազմաթիվ այլ բնակավայրեր, ինչն ուղեկցվել է կառավարական ուժերի հետ բախումներով։










