Իրաքցի գրոհայիններն առաջարկել են Մեսսիին միանալ իրենց ջիհադին
Պարզվում է՝ միայն արգենտինացիները չէ, որ տոնել են ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի՝ Իրանի ազգային հավաքականի դեմ խաղի ընթացքում խփված գոլը։
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման գրոհայինները ևս շնորհավորել են տաղանդավոր ֆուտբոլիստին՝ իրենց «թշնամուն» պարտության մատնելու համար։
Ինչպես նշում է Al Arabiya-ն՝ The Washinghton Post-ին հղումով, բացի այդ, ԻԼԻՊ-ի ահաբեկիչներն առաջարկել են Մեսսիին համալրել իրենց շարքերն ու ջիհադ իրականացնել։ Աղբյուրը մանրամասնում է, որ գրոհայիններն այս առաջարկն արել են Twitter սոցկայքի իրենց միկրոբլոգում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ միայն հունիսին Իրաքում գրոհայինների գործողությունների հետևանքով զոհվել է 1.000-ից ավելի մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են եղել։ Հիշեցնենք, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները գրավել են երկրի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքն ու բազմաթիվ այլ բնակավայրեր, ինչն ուղեկցվել է կառավարական ուժերի հետ բախումներով։










