Ադրբեջանը գնդակոծել է Տավուշի մարզի Մովսես գյուղը
Ադրբեջանական բանակը առավոտյան 10։30-ի սահմաններում գնդակոծել է Տավուշի մարզի Մովսես գյուղը։ Կրակոցներն ուղղված են եղել ոչ թե մարտական դիրքերին, այլ գյուղին։
Tert.am-ի հետ զրույցում Մովսես գյուղի գյուղապետ Արարատ Ավալյանը հաստատեց տեղեկությունը, նշելով, որ գնդակները հասել են գյուղապետարանի շենքին, ընկել են եկեղեցու բակում, դիպել են դպրոցին։
«Մարդկային կորուստներ, բարեբախտաբար, չունենք»,-ասաց գյուղապետը՝ նշելով, որ գնդակոծությունը կարճ է տևել և հայկական կողմը պատրաստ է ցանկացած պահի պատասխանել դրանց։
Հիշեցնենք, որ գիշերը ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հունիսի 24-ին՝ ժամը 22:50-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արմեն Արթուրի Ավետիսյանը։










