ԵԽԽՎ-ում Ալիև կրտսերի պահվածքն ագրեսիվ է, ցինիկ ու էթիկայից զուրկ. Նաիրա Կարապետյան
Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքները սկսեցին բավական լարված, քանի որ Ադրբեջանի պատվիրակությունն իր հայտարարություններով ամեն ինչ անում էր, որպեսզի Հայաստանին զրկի ձայնի իրավունքից: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը՝ նշելով սակայն, որ Հայաստանի պատվիրակության կողմից զուգահեռաբար կատարվում է համապատասխան աշխատանք՝ Եվրոպայի պատգամավորների սթափությունը պահպանելու համար:
«Ալիև կրտսերի պահվածքը կարճ բնութագրվում է հետևյալ կերպ՝ ագրեսիվ, ցինիկ, ստախոս և էթիկայից զուրկ»,- ասաց Նաիրա Կարապետյանը՝ շարունակելով, թե դա խոսում է թուլության և ամենաթողության մասին:
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամն ասաց նաև, որ աշխատանքային առաջին երկու օրերը ծանր են եղել՝ պայմանավորված Ադրբեջանի նախագահի բոցաշունչ և ստահոդ ելույթներով ու եվրոպացիների կողմնակալ դրսևորումներով. «Սակայն, մեր պատվիրակության անդամները ևս որդեգրել են ակտիվ աշխատաոճ բոլոր հարթակներում»,- հաղորդեց Նաիրա Կարապետյանը:










