Պուտինը չի զրկվի Ուկրաինա զորքեր մտցնելու իրավունքից, անգամ եթե Դաշնային խորհուրդը չեղյալ համարի այդ թույլտվությունը. Ведомости
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի զրկվի Ուկրաինա զորքեր մտցնելու իրավունքից, անգամ եթե Դաշնային խորհուրդը չեղյալ համարի իր որոշմամբ տրված այդ թույլտվությունը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով «Ведомости»-ին:
Նշվում է, որ Ռուսաստանում մինչև հիմա գործում է թույլտվություն, որը Դաշնային խորհուրդը 2009 թվականին տվել էր Դմիտրի Մեդվեդևին: Այդ ժամանակ Մեդվեդևը, ով երկրի նախագահն էր, ստացել է «սահմաններից դուրս զինված ուժերն օպերատիվ օգտագործելու անժամկետ իրավունք»: Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրը հաստատել է, որ այդ թույլտվությունը շարունակում է գործել:
Նշվում է, որ տվյալ թույլտվությունը «պաշտոնապես չի վերացվել, բայց դրա չեղյալ հայտարարումը չի էլ պահանջվել»:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Վլադիմիր Պուտինը դիմել է Դաշնային խորհրդին՝ Ուկրաինայում ՌԴ զինուժն օգտագործելու հնարավորության մասին որոշումը չեղյալ հայտարարելու համար:










