Շանթ Հարությունյանի գործով դատական նիստն ուղեկցվում է բողոքի ցույցով

14:43 • 25.06.14

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ, անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Երևանում հեղափոխություն հայտարարած Շանթ Հարությունյանի և ընկերների գործով այսօր հրավիրված հերթական դատական նիստի ընթացքում մեղադրյալների հարազատները և մի խումբ այլ քաղաքացիներ դատարանի շենքի դիմաց բողոքի ցույց են սկսել՝ պահանջելով ազատ արձակել ինչպես նրանց, այնպես էլ մնացածներին:

«Ազատություն քաղբանտարկյալներին», «Բոլորիս ազատությունը սկսվում է քաղբանտարկյալների ազատությունից», «Վոլոդյա Ավետիսյան. Հայաստանն առանց քաղբանտարկյալների». այս և մի շարք այլ գրություններով պաստառներ և դրոշներ պարզած՝ քաղաքացիները սպասում էին դատական նիստի ավարտին:

Նշենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ մեղադրյալների հարազատներին թույլ չէին տվել մասնակցել դատական նիստին, ինչը դրսում մեծ դժգոհությունների ալիք էր առաջացրել: Այսօրվա նիստին մտերիմ հարազատներին թույլ տվեցին ներս մտնել: