Հայաստանում ձերբալակվածների 90%-ը խոշտանգվում է՝ ծեծի ու տարբեր գործիքների միջոցով. Ավետիք Իշխանյան
Չնայած Հայաստանը 1993 թկականից առ այսօր միացել է խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի դեմ բազմաթիվ կոնվենցիաների, Հայաստանում իրավիճակը, մեղմ ասած, շարունակում է մնալ տխուր: Այս մասին այսօր՝«Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օր. իրադրությունը Հայաստանում» թեմայով քննարկմանը հայտարարեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
«Այն, ինչ ներկայացնում է Խոշտանգումների կոմիտեն Հայաստանի վերաբերյալ, ոչ միայն ճշտվեց, այլև ավելի դաժան պատկեր ունեցանք: 90 տոկոսով չասեմ, անգամ՝ 100, մարդիկ ոստիկանական բաժանմունքներում ենթարկվել են ծեծի և ջարդի: Որպես կանոն, փաստաբան չեն ունեցել, օրինակ՝ 2012 թվականին 135 հոգուց փաստաբան ունեցել են երկուսը կամ երեքը»,- ասաց Ավետիք Իշխանյանը:
Հիշեցնենք, որ 1993թ. հունիսի 26-ին Հայաստանը միացել է խոշտանգումների և դաժան անմարդկային վերաբերմունքի կամ արժանապատվությունը նվաստացնող և պատժի այլ ձևերի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիային, ապա՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, ՄԱԿ համընդհանուր հռչակագրին և այլ կոնվենցիաների:
Ավետիք Իշխանյանը նշեց, որ Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչներին հարցված 80 անձինք մանրամասն նկարագրել են, թե իրենց ինչպես են ծեծել, ինչ գործիքներով, ինչ ձևերով: Ուշագրավ է, որ իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցից հետո նախկին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հանձնարարական է տվել, որ ձերբակալված, կալանավորված անձանց ցանկացած մարմնական վնասվածքի դեպքում պետք է հարուցվի քրեական գործ, սակայն որոշ ժամանակ անց Հելսինկյան կոմիտեին դատախազությունը հայտնել է, որ հարուցվել է 5-6 քրեական գործ, որոնք հետագայում բոլոր կարճվել են:
Ներկայումս կազմակերպությանը փաստաբանները նման 10 գործերով զբաղվում արդեն դատարաններում: Դրանից մեկը Արման Դավթյանի ու նրա կնոջ Սոնա Մկրտչյանի գործն է:
Ժամանակին ոստիկանության Մաշտոցի քննչական բաժինը, ինչպես նաև Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվել էին այս գործով քրեական գործ հարուցել, սակայն Վճռաբեկ դատարանը բեկանել էր առաջին ատյանի դատարանի որոշումն ու նոր քննության ուղարկել գործը: Եվ այս բոլոր փուլերում, ըստ Ավետիք Իշխանյանի, իրենք ընկել են շրջապտույտի մեջ։ Հիմա այս գործը գտնվում է Ստրասբուրգում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
«Նաև ասեմ, որ քննչական մարմինները, երբ գործը որոշ հաջողության է հասնում, սկսում են բանակցել, որ հրաժարվեն խոշտանգումների մասից, թե չէ ավելի վատ կլինի»,- մեկնաբանեց Ավետիք Իշխանյանը։
Նրա գնահատմամբ՝ այս իմաստով շատ վտանգավոր հրահանգ է տվել Գլխավոր դատախազ Գևորգ կոստանյանը: «Որ ցանկացած քրեական գործով, եթե հաղորդում է տրվում անձի կողմից, նրան պետք է զգուշացնել սուտ մատնության համար և նա պետք է ստորագրի, և եթե տալիս է այդ ստորագրությունը և չի ապացուցվում, նրա նկատմամբ հարուցվում է քրեական գործ»,– ասաց իրավապաշտպանը:
Ըստ իրավապաշտպանի՝ բոլոր այդ կոնվենցիաներում կան իրավունքներ ու ազատություններ, որոնք սահմանափակման ենթակա են, մասնավորապես, խոսքի ազատությունը, խաղաղ հանրահավաքներ և ցույցեր անցկացնելու իրավունքը, որոնք կարող են սահմանափակումների ենթարկվել պետության կողմից՝ օրենքներով սահմանված կարգով: Սակայն խոշտանգումների չենթարկվելը մարդու չսահմանափակվող, բացարձակ իրավունք է: Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների անկախ նրանից, թե ինչ հանցագործության մեջ է կասկածվում՝ ահաբեկչություն, բռնաբարություն, մարդասպանություն և այլն։ Սա նաև ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ:
Այս համատեքստում իրավապաշտպանը ներկայացրեց օրենսդրական մի բաց։ Բանն այն է, որ չնայած միջազգային իրավապաշտպան կառույցները տևական ժամանակ է՝ պնդում են, որ խոշտանգում հասկացությունը՝ (համատեքստում, որ դա պետության կողմից մարդուն պատճառվող ցավն է և հոգեկան տառապանքը ) մեր Քրեական օրենսգրքում համապատասխանեցվի միջազգային կոնվենցիաներում օգտագործվող ձևակերպմամբ, սակայն այդ պահանջն անտեսվում է:










