Պաղեստինը պատրաստ է վերսկսել բանակցություններն Իսրայելի հետ. Մահմուդ Աբաս
Պաղեստինը պատրաստ է վերսկսել բանակցություններն Իսրայելի հետ, եթե ազատ արձակվի պաղեստինցի ձերբակալվածների 4-րդ խումբը։ Այդ մասին հայտարարել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
«Մենք հաստատում ենք մեր՝ խաղաղությանը հակվածությունը։ Մենք պատրաստ ենք վերադառնալ բանակցություններին հետագա 9 ամիսների ընթացքում, եթե Իսրայելն ազատ արձակի պաղեստինցի կալանավորների 4-րդ խմբին, որոնք վաղուց տառապում են իսրայելական բանտերում»,- ասել է Աբասը։
Նախագահը նշել է նաև, որ բանակցությունների վերսկսման դեպքում առաջին 3 ամիսները նվիրված կլինեն Պաղեստինի և Իսրայելի միջև սահմանազատմանը՝ համաձայն 1967թ. հունիսի 4-ի սահմանների, եթե Իսրայելն այդ 3 ամիսներին դադարեցնի բնակավայրերի շինարարության գործունեությունը։
«Խաղաղությունը մեր նպատակն է, որի իրագործմանը ձգտում ենք՝ շրջափակմանը վերջ տալու և անկախ պետության ստեղծելու համար»,- հավելել է Աբասը։










