Հույս ունեմ, որ շուտով երկինքն ամբողջովին կբացվի մեզ համար. ԼՂՀ ՔԱՎ պետը` Ստեփանակերտի օդանավակայանի մասին

21:22 • 26.06.14

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կառավարությանը կից Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը Tert.am-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ շուտով երկինքն ամբողջությամբ կբացվի իրենց համար, և իրենք էլ կկարողանան միջազգային թռիչքներ իրականացնել: Նա անդրադարձավ նաև Ստեփանակերտի օդանավակայանից նախօրեին երկտեղանոց ինքնաթիռի թռիչքի շուրջ ադրբեջանական կողմի արձագանքին՝ դա համարելով հիմարություն:
 


-Ներկա պահին ի՞նչ նպատակներով է շահագործվում օգանավակայանը:


-Այս պահին օդանավակայանը շահագործվում է թեթև ինքնաթիռների համար, որոնք իրենց հերթին գործում են զբոսաշրջային, գյուղատնտեսական նպատակներով, նաև՝ ուսումնական նպատակներով: Նոր ենք սկսել փորձարկել հատուկ սարքեր, որոնք հնարավորություն են տալիս օդից սրսկումներ անել գյուղատնտեսական նպատակներով: Մենք մի քանի օր առաջ այդ սարքավորումները հավաքել ենք մեր ինքնաթիռների վրա, և երեկ, նախորդ օրը փորձնական սրսկումներ ենք արել, գյուղնախարարությունից հրավիրել էին մասնագետների, որոնք բավականին բարձր գնահատեցին այդ թռիչքների արդյունքները:

 

-Իսկ ուղևորափոխադրումներ իրականացնելու համար ի՞նչ նախապատրաստություններ են իրականացվում:

 

-Օդանավակայանը պատրաստ է, բայց ինչ կար, նույնն էլ մնաց, որովհետև թռիչքներ չեն կատարվում: Իսկ պատճառների մասին ես իրավասու չեմ կարծիք հայտնել: Ես ասում եմ, որ տեխնիկապես մենք պատրաստ ենք:


Չեմ կարող կանխատեսել, թե երբ մենք կսկսենք նորմալ աշխատել:


Ցանկացողները շատ են. Գերմանիայից, Ռուսաստանից, Իտալիայից տարբեր ավիաընկերություններ արդեն դիմել են մեզ, մարդատար ինքնաթիռներով ուզում էին մեզ մոտ թռիչքներ բերել:

 

-Նախօրեին օդանավակայանից երկտեղանոց ինքնաթիռի օդ բարձրանալը ադրբեջանցիների նյարդային դրսևորումների առիթ դարձավ, դա ինչո՞վ եք պայմանավորում:

 

-Հիմարություն է դա: Ընդհանրապես այն խոչընդոտները, որոնք իրենք են ստեղծում, ամբողջովին հիմարություն են, անհիմն պատճառներով ուղղակի ուզում են մեզ խանգարել:

 

-Իսկ այդ փոքր թռիչքներ իրականացնելը որքանո՞վ է անվտանգ:

 

-Մենք ներքին թռիչքներ ենք իրականացնում, միջազգային թռիչքներ չեն դրանք, որ այլ երկրներ կարողանան մեզ մեղադրել, թե մենք խախտումներ ենք անում: Այդ ինքնաթիռները թռչում են միայն Ղարաբաղի տարածքում: Ադրբեջանցիներից ամեն ինչ կարելի է սպասել, բայց ինձ թվում է, որ նրանց մեջ էլ կան մարդիկ, որոնք միջազգային օրենքներից գաղափար ունեն, և ինձ թվում է՝ նրանք էլ են հասկանում, որ ամեն ինչին չափ ու սահման կա: Ես համոզված եմ, որ նրանք այդ փոքր ինքնաթիռներին ձեռք չեն տա:

 

-Այդ դեպքում ուրիշ ի՞նչ խոչընդոտներ կան օդանավակայանի շահագործման համար և, ի վերջո, ե՞րբ այն կսկսի միջազգային թռիչքներ իրականացնել:

 

-Մեծ իքնաթիռների անվտանգության համար երաշխավորել չեմ կարող, բայց ես գիտեմ, որ մենք մինչև հիմա չենք կարողացել միջազգային թռիչքներ կազմակերպել, քանի որ դեռ համապատասխան գրանցումներ և կոդեր չունենք, նաև կան այլ խոչընդոտներ, որոնց մասին հարցերի պատասխաններին ես չեմ տիրապետում:


Բոլոր դեպքերում՝ ես լավատես մարդ եմ և հույս ունեմ, որ շուտով ամեն ինչ իր տեղում կլինի, վերջապես երկինքը կբացվի մեզ համար, և մեր օդանավերը հանգիստ կթռչեն ցանկացած ուղղությամբ:

 

Նշենք, որ ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ Ստեփանակերտի օդանավակայանն իր ողջ պատմության ընթացքում՝ 60 տարի, չի աշխատել ընդամենը մի քանի ամիս 1991-1992թթ.: Մնացած բոլոր ժամանակահատվածներում աշխատել է, այդ թվում նաև՝ վերջին 15-20 տարվա ընթացքում, շահագործվել է այլ նպատակներով: Իսկ վերջին դեպքի առթիվ ստեղծված իրարանցումը նա պայմանավորեց նրանով, որ ադրբեջանցիների տեխնիկական միջոցները լավ չեն աշխատում, որպեսզի ժամանակին տեսնեին, որ այդ թռիչնքերը մի քանի տարի շարունակ իրականացվում են, կամ ուղղակի իրարանցման համար է դա արվում, որպեսզի շեղեն միջազգային հանրության ուշադրությունը: