ՔՕ-ն մինչև 5 տարի ազատազրկում է նախատեսում մշակութային հուշարձանի ոչնչացման համար. ՀԽ անդամը՝ Աֆրիկյանների տան մասին

21:44 • 26.06.14

Այն մարդը, ով ձեռք կբարձրացնի հայկական պատմամշակութային արժեք ներկայացնող որևէ հուշարձանի վրա, հայ չէ, լինի ղեկավար թե շարքային քաղաքացի կամ մասնագետ: Tert.am-ի հետ զրույցում Աֆրիկյանների տան քանդման վերաբերյալ իր անձնական կարծիքը հայտնեց Հանրային խորհրդի կրոնի, Սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի՝ պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանը:

 

Նա նշեց, որ իր համար դադարում է գոյություն ունենալ այն մասնագետը, որ նման բան կանի, որովհետև նա, ըստ տիկին Ասրյանի ձևակերպման, իր մասնագիտությունն օգտագործելով՝ ծախում է իր պատմությունը:


Նշենք, որ վաղը Հանրային խորհուրդն անդրադառնալու է Աֆրիկյանների տան խնդրին, բայց Ժասմեն Ասրյանը կրկին ընդգծեց, որ ասվածն իր անձնական կարծիքն է:


Ժասմեն Ասրյանն այս համատեքստում հիշեցրեց նաև, որ Քրեական օրենսգրքում կա համապատասխան ՝ 264-րդ (Պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը) հոդված, որը մինչև 5 տարի ազատարզրկում է նախատեսում մշակութային հուշարձանի ոչնչացման համար: