Դոնեցկում գրոհում են Ազգային գվարդիային պատկանող զորամասը
Դոնեցկում զինված անջատողականները գրոհում են Ուկրաինայի Ազգային գվարդիայի զորամասը: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը՝ ականատեսներին հղումով:
Ինչպես պատմում է ականատեսներից մեկը՝ զորամասի կողմից, որը գտնվում է Շչորսի փողոցում, կրակոցներ և պայթյուններ են լսվել:
Ավելի վաղ Ուկրաինայի Ազգային գվարդիայի մամլո ծառայությունը հաղորդել է, որ անջատողականները շրջապատել են զորամասը և զինծառայողներից պահանջում են հեռանալ տարածքից և անցնել իրենց կողմը:
«Հունիսի 26-ի երեկոյան զինված հանցագործները, ովքեր իրենց «Կալմիուս» խմբավորում են անվանում, շրջապատել են Ուկրաինայի Ազգային գվարդիայի 3004 զորամասը, որը տեղակայված է Դոնեցկում: Ահաբեկիչները զինծառայողներից պահանջում են լքել զորամասի տարածքը և անցնել անջատողականների կողմը: Ազգային գվարդիայի զինծառայողները հրաժարվել են կատարել ահաբեկիչների պահանջը», - հաղորդել են Ազգային գվարդիայից:










