Էթինգերը հետևանքներով է սպառնացել ԵՄ այն երկրներին, որոնք ընթացիկ տարում կաջակցեն «Հարավային հոսքին»
Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը հետևանքներով է սպառնացել Եվրամիության այն երկրներին, որոնք կաջակցեն «Հարավային հոսք» նախագծին՝ դրա ներկայիս տեսքով: Այդ մասին ասվում է Handelsblatt գերմանական թերթում նրա գրած հոդվածում, գրում է ИТАР-ТАСС-ը:
«Եվրահանձնաժողովը չի կարող հաշտվել նրա հետ, որ ԵՄ որոշ պետություններ Ռուսաստանի հետ ստորագրել են գազամուղի կառուցման մասին համաձայնագրեր, որոնցում խախտվում է միասնաբար ընդունված եվրոպական իրավունքը: Ես կոչ եմ անում ԵՄ երկրներին հետաձգել նախագիծը՝ մինչև այն չհամապատասխանի եվրոպական իրավունքին»,- նշել է Էթինգերը:
«Նրանք, ովքեր կշարունակեն ձեռնարկել գործողություններ, պետք է հաշվի նստեն հետևանքների հետ»,- նշել է եվրահանձնակատարը հոդվածում: «Պետք է նաև հարց տալ, թե արդյո՞ք այժմ համապատասխան պահն է «Հարավային հոսք»-ին վերաբերող հետագա համաձայնագրեր ստորագրելու համար»,-գրում է նա։
Անցած երեքշաբթի «Գազպրոմը» և ավստրիական նավթագազային OMV կորպորացիան Վիեննայում ստորագրել են համատեղ South Stream Austria ընկերության բաժնետերերի համաձայնագիրը:










