Լավ է ուշ, քան երբեք. Հովիկ Աբրահամյանը՝ ԵՏՄ-ին անդամակցության մասին (տեսանյութ)

18:41 • 26.06.14

«Լավ է ուշ, քան երբեք» ասացվածքով արձագանքեց Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստին շտապող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ ի պատասխան լրագրողների հարցի, թե ինչու է ուշանում Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը:

Ըստ վարչապետի՝ Հովիկ Աբրահամյան-Վլադիմիր Գասպարյան լարվածություն չկա: «Ոստիկանապետը լավ աշխատում է, որևէ խնդիր չկա»,-ասաց Հովիկ Աբրահամյանը և այս մասին հարց ուղղած լրագրողին ասաց, որ նրա երազանքը չի իրականանա:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի մասին, որով 2-րդ նախագահը պաշտպանել էր քառյակի 12 կետերից 4-ը, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ես Ղարաբաղում եմ եղել, մեր պատասխանատու կառույցները արձագանքել էին… Ամեն դեպքում, յուրաքանչյուր ողջամիտ հարցի, մենք՝ որպես կառավարություն, պատրաստ ենք արձագանքել: Եթե անհրաժեշտություն լինի, լրացուցիչ բացատրության անպայման կտամ»:

Ի պատասխան դիտարկմանը, թե Քոչարյանը, փաստորեն, վերադառնում է, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Իսկ ո՞ւր էր մեկնել, որ վերադառնում է»:

Լրագրողների արձագանքին, թե նա վերադառնում է ակտիվ քաղաքականություն, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Ակտիվ քաղաքականությունը եթե ի նպաստ է մեր երկրի զարգացմանը, մենք կողմ ենք յուրաքանչյուր անձի ակտիվ քաղաքականությանը»:

Ի պատասխան դիտարկման էլ, որ այսօր հաստատվեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ-ում արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու մասին տեղեկությունը, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Բրավո, ուրախ եմ, ուրախ»: Նա նաև հորդորեց չար հարցեր չտալ՝ ի պատասխան լրագրողի հարցի, թե նախկին վարչապետին ո՞ր արժանիքի համար են նշանակել։

«Հոգով-սրտով մեզ հետ է»,-ավելացրեց Հովիկ Աբրահամյանը, երբ լրագրողներից մեկն էլ հարցրեց, թե չի ափսոսո՞ւմ, որ Տիգրան Սարգսյանը Հայաստանից հեռանում է:

«Երկու ամիս է՝ վարչապետ եք, բայց հոսանքը թանկանում է»,-այս հարցին էլ Հովիկ Աբրահամյանը չպատասխանեց՝ ասելով, որ հարց տվող լրագրողը մաստակ է ծամում: