Իրաքի վարչապետը հաստատել է՝ գրոհայինների դիրքերը ռմբակոծել է Սիրիայի օդուժը

13:23 • 26.06.14

Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին հաստատել է այն փաստը, որ չորեքշաբթի «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դիրքերն Էլ Քաիմ քաղաքում ռմբակոծողը եղել է հարևան Սիրիայի օդուժը։ Ինչպես նշում է РИА-Новости-ն, պաշտոնյան ողջունել է սիրիական կողմի այս քայլը։

 

Բացի այդ, վարչապետը կողմ է արտահայտվել ցանկացած քայլի, որն ուղղված կլինի երկրում ճգնաժամային դրության ստեղծման պատճառ հանդիսացած գրոհայինների դեմ։

 

Աղբյուրը հավելում է, որ Էլ Քաիմ քաղաքը, որը սիրիական սահմանին է, գտնվում է իսլամիստ ահաբեկիչների հսկողության տակ։ Ռմբակոծության հետևանքով զոհվել է 18-20 մարդ, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել։


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Իրաքի պետական հեռուստատեսությունը տարածել էր, թե հարձակման հետևում կանգնած է ԱՄՆ-ն, սակայն Սպիտակ տունը շտապել էր հերքել այդ տեղեկությունը։

 

Ներկայում Իրաքի իշխանությունները փորձում են կասեցնել երկրում զգալի տարածքներ սեփական վերահսկողության տակ առած «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջընթացը։ Անցած 3 շաբաթվա ընթացքում նրանք գրավել են մի շարք խոշոր քաղաքներ ու բնակավայրեր։