Ընդունելության քննությունները հաղթահարած ուսանողների ցուցակները կհրապարակվեն հուլիսի 16-ին
Միասնական և կենտրոնացված քննությունների առաջին փուլն ավարտվել է, և մեկնարկել են բանավոր քննությունները։ Միասնական քննություններին այս տարի մասնակցել է 11 600 դիմորդ: Թե նրանցից քանիսն է դրական գնահատական ստացել, Գնահատման և թեսթավորման կենտրոնը դեռևս չի կարող ասել։ ԳԹԿ-ի արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը Tert.am- ի հետ զրույցում նշեց, թե մրցույթի արդյունքները հստակեցնելուց հետո միայն հուլիսի 16-ին կհրապարակվեն ընդունելության քննությունները հաղթահարած ուսանողների ցուցակները։
«Հուլիսի 8-ից հետո մենք արդեն սկսում ենք խմբավորումները կատարել, մրցույթը իրականացնել և մրցույթի արդյունքներում էլ արդեն հստակեցնել, թե քանի դիմորդ ընդունվեց, քանիսը չէ, որովհետև նաև բուհեր ու մասնագիտություններ ունենք, որ անբավարար ստանալուց հետո դպրոցի գնահատականներով են կարողանում մասնակցել մրցույթին, ինչպես օրինակ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի որոշ ֆակուլտետներ»,-ասաց նա։
Արա Իսպիրյանը նշեց, որ արդեն կարող են ասել, թե որ առարկայից քանի դիմորդ է անբավարար ստացել։ Մասնավորապես՝ «Հայոց լեզու» առարկայից քննություն է հանձնել 7000 դիմորդ, անբարար է ստացել 559 հոգի։ «Քանակային առումով ամենից շատ անբավարար ստացել են հայոց լեզվից՝ 8,17%»,-ասաց նա։
Ոչ պակաս թվով անբավարար են ստացել նաև մաթեմատիկա առարկայից. «Մթեմատիկայի քննությունից 5400 հոգուց անբավարար է ստացել 600 հոգի»,-նշեց նա։
Ի դեպ, Արա Իսպիրյանը տեղեկացրեց, որ Արցախից միասնական քննություններին մասնակցել է 800 դիմորդ. «Բայց չգիտենք՝ քանիսն են մեր բուհերը դիմելու, քանիսը՝ Ղարաբաղի»։










