Ամիսներ առաջ անհետացած Boeing-777 ինքնաթիռի որոնման վայրը տեղափոխվել է

12:22 • 26.06.14

Ավստրալիան, Չինաստանն ու Մալայզիան պաշտոնապես հայտարարել են, որ տեղափոխում են Malaysia Airlines ավիաընկերության անհետացած Boeing -777 ինքնաթիռի որոնման գոտին։

 

Ինչպես նշում է РИА-Новости-ն, այժմ այս երկրները որոնողական աշխատանքներ կիրականացնեն Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում։

 

«Այսօր Ավստրալիան, Չինաստանն ու Մալայզիան հայտարարեցին, որ Հնդկական օվկիանոսի հարավային հատվածն ապագա որոնողական աշխատանքների համար առաջնային տարածք կլինի»,-նշվում է Ավստրալիայի փոխվարչապետ Ուորեն Տրասի հայտարարության մեջ։ Պաշտոնյան հավելել է, որ այս որոշումը կայացվել է արբանյակային նոր տվյաների ուսումնասիրությունից հետո։

 

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մարտի 8-ին Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրից Պեկին թռչող օդանավն անհետացել է։ Դրանում գտնվել է 227 ուղևոր ու 12 հոգանոց անձնակազմը։ Թեև Մալայզիայի իշխանություններն ամիսներ առաջ պաշտոնապես հայտարարել են, որ տեղի է ունեցել ավիավթար, ու բոլոր ուղևորները զոհվել են, այնուհանդերձ դրա բեկորներն առայսօր չեն հայտնաբերվել։