Չինացի մեծահարուստը Նյու Յորքում հարյուրավոր անօթևանների համար ընթրիք է կազմակերպել (լուսանկարներ, տեսանյութ)
Չինացի գործարար և բարերար Չեն Գուանբյաոն Նյու Յորքի կենտրոնական այգում բարեգործական ընթրիք է կազմակերպել մոտ 200 անօթևան ամերիկացիների համար, հայտնում է РИА Новости-ն։
Նման ակցիա անցկացնելու մասին Գուանբյաոն հայտարարություն էր տեղադրել New York Times պարբերականում՝ նշելով, որ ընթրիքին ներկաները կստանան նաև 300-ական դոլար։ Լրագրողների այն հարցին, թե որն է նման միջոցառում անցկացնելու պատճառը, գործարարը պատասխանել է, որ ցանկանում է փոխել ամերիկացի ժողովրդի կարծիքը չինացիներին մասին։
Ընթրիքն արժեցել է մոտ 40.000 դոլար։ Անօթևաններին ողջունել է անձամբ Չեն Գուանբյաոն՝ հայտնի չինական երգով և աճպարարությամբ։ Նրա խոսքով՝ ակցիան միտված է եղել համոզելու ամերիկյան հասարակությանը, որ ոչ բոլոր չինացի հարուստներն են կենտրոնացած շքեղ կենսակերպի վրա և զուր վատնում են իրենց միլիոնները։
Թեև կազմակերպիչները խոստացել էին յուրաքանչյուրին 300-ական դոլար նվիրել, սակայն ամերիկյան կողմի պնդմամբ՝ նախաձեռնությունը չի իրականացվել։ Չինացի գործարարին զգուշացրել են, որ անօթևաններից շատերը թմրանյութերից կախվածություն ունեն, և այդ գումարը, հավանաբար, կծախսեն թմրանյութերի գնման համար։












