ԵԽԽՎ-ի ղեկավարը չի բացառել ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորումը մինչև 2015թ.

12:34 • 26.06.14

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ղեկավար Ան Բրասերը հույս է հայտնել, որ Ռուսաստանը և վեհաժողովը կկարողանան հարաբերություններում ստեղծված ճգնաժամից ելք գտնել մինչև 2015 թվականի հունվար, գրում է zn.ua-ն:

 

«2015 թվականի հունվարին հաստատվում են բոլոր ազգային պատվիրակությունների լիազորությունները»,- ասել է նա:


«Ես հույս ունեմ, որ մինչ այդ կհաջողվի լուծել կոնֆլիկտը։ Եթե կոնֆլիկտը լուծվի, ես չեմ տեսնում ռուսական պատվիրակությանը կրկին լիազորություններից զրկելու որևէ պատճառ»,- ասել է Բրասերը՝ հավելելով, որ «եթե ճգնաժամը շարունակվի և ոչինչ չփոխվի, ես չգիտեմ՝ ինչպես կարձագանքեն, ես չեմ կարող խոսել մեծամասնության անունից, կտեսնենք»:

 

ԵԽԽՎ-ի նախագահի խոսքով՝ Ռուսաստանի պատվիրակության շահերից է բխում լինել նիստերին և մասնակցել աշխատանքներին, քանի որ այդկերպ կկարողանան անձամբ շփում հաստատել, բացատրել իրավիճակը և դիրքորոշումը: Նա պարզաբանել է, որ պատվիրակությունը կարող է մասնակցել նիստերին, ելույթ ունենալ, քննարկել, բայց չքվեարկել:

 

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ԵԽԽՎ-ն Ուկրաինայի և Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով ռուսական պատվիրակությանը զրկել էր ձայնի, վեհաժողովի կանոնադրական մարմինների աշխատանքին մասնակցելու իրավունքից և ընտրությունների դիտորդների խմբում աշխատելու հնարավորությունից։