Պորոշենկոն անջատողականներին մինչև ուրբաթ ժամանակ է տվել և «կարևոր որոշում» է պատրաստում
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստանում է հունիսի 27-ին «շատ կարևոր որոշում կայացնել», եթե երկրի արևելյան շրջանների անջատողականները չընդունեն իր ներկայացրած խաղաղ ծրագրի պայմանները: Այդ մասին նա ասել է՝ պատասխանելով ԵԽԽՎ պատգամավորների հարցերին, գրում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:
Պորոշենկոն հայտնել է, որ չորեքշաբթի կրկին հավաքվել է եռակողմ կոնտակտային խումբը՝ Ուկրաինայի, ՌԴ-ի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների կազմով: Ուրբաթ օրը խումբը կրկին կհավաքվի:
Անջատողականներից ներկայացուցիչներ վերջին հանդիպմանը չեն եղել, բայց դա «հարկավոր էլ չէ»:
«Կես ժամ առաջ նրանք ցանկություն են հայտնել մասնակցելու ուրբաթ օրվա հանդիպմանը: Դա շատ կարևոր օր է. եթե խաղաղ ծրագրի մեր պայմանները չընդունվեն, մենք շատ կարևոր որոշում կընդունենք»,-ասել է նա:
Նախագահը հերթական անգամ կոչ է արել Եվրոպային համախմբվել ուկրաինական խնդրի շուրջ և նշել է, որ «դեռ աջակցությունը բավարար չէ»:
«Դա կարող է տեղի ունենալ ցանկացած երկրի հետ, եթե Եվրոպան չմիավորվի այդ հարցի շուրջ»,- ասել է նախագահը։










