Ֆրանսիացի ճանապարհորդը պատմել է, թե ինչպես է Ռոբինզոն Կրուզոյի պես կես տարի բնակվել Սիբիրի անտառներում

00:40 • 26.06.14

Գերմանիայում լույս է տեսել ֆրանսիացի ճանապարհորդ Սիլվեն Տիսսոնի «Սիբիրի անտառներում» գիրքը՝ «Մենության օրագիր» խորագրով, որում հեղինակը պատմում է բայկալյան տայգայում իր յուրահատուկ կենսափորձի մասին: Այս մասին հաղորդում է ria.ru-ն:

 

Սիլվեն Տիսսոնը հեծանվով անցել է գրեթե ողջ Երկիր մոլորակը, ոտքով անցել է Հիմալայները, Հնդկաստանի և կենտրոնական Ասիայի շատ շրջաններ ավելի լավ գիտի, քան Ֆրանսիան, սակայն այս անգամ նրա հուշերի գիրքը տարբերվում է նախորդներից, քանի որ նա որոշել է կես տարի ապրել նույն վայրում՝ գրեթե Ռոբինզոն Կրուզոյի պես:

«Ոտքով 5 օրվա ճանապարհ էր մինչև մոտակա գյուղը, 6 ամիս ապրեցի անծայրածիր բնության կենտրոնում: 2 շուն, փայտի վառարան և պատուհան՝ ծովի տեսարանով»,-Բայկալում իր կյանքը նկարագրել է Տիսոնը:

 

Նա գրել է, որ ցանկացել է հասկանալ, թե ինչ է կատարվում մարդու հետ, ով ապրում է մենության մեջ՝ սառույցով պատված ծովի ափին: Նա իր հետ վերցրել էր գրքեր, սիգարներ և օղի, մնացածը՝ տարածություն, լռություն և մենություն, այնտեղ արդեն կար:

Տիսոնը գրում է, որ Բայկալում չի հրաժարվել ալկոհոլից, հատկապես՝ երբ այնտեղ տեղավորվելուց մի քանի ամիս անց ընկերուհուց նամակ է ստացել, որով նա տեղեկացրել է, որ հրաժարվում է իրենից:

Այնտեղ նա յուրացրել է կացնի և պարսատիկի օգտագործման արվեստը. վերջինս նրան պետք էր գալիս արջերին վախեցնելու համար: