Արդեն ուրբաթ Ռուսաստանին սպառնում են նոր պատժամիջոցներ. Քերի
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Ռուսաստանին «հաշված ժամեր» են մնացել, որպեսզի ապացուցի Ուկրաինայի արևելքում անջատողականների զինաթափման մասին պլանին հանձնառությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ելույթ ունենալով Փարիզում լրագրողների առաջ՝ Քերին հաստատել է, որ ԱՄՆ-ի և Եվրամիության ղեկավարությունը համաձայն են՝ Ռուսաստանի նկատմամբ նոր տնտեսական պատժամիջոցների պլանը պետք է պատրաստ լինի մինչև ուրբաթ:
ԵՄ առաջնորդները կքննարկեն նոր պատժամիջոցները ԵՄ-ին Ուկրաինայի ասոցացված անդամակցության մասին համաձայնագրի ստորագրման գործընթացին զուգահեռ, հայտնել է Ջոն Քերին:
Հունիսի 27-ին նաև լրանում է Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում Կիևի հայտարարած միակողմանի կարգով կրակի դադարեցման ժամկետը:
Ուկրաինայի զինվորականների պնդմամբ՝ անջատողականներն այդ ընթացքում խախտել են հայտարարված զինադադարն ավելի քան 50 անգամ։










