Դամասկոսում կկայանա զոհված հայ զինծառայողի հոգեհանգիստը
Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցում այսօր տեղի է ունենալու զոհված հայ զինծառայող, 1986թ.-ին ծնված Սևակ Օլմեսեքյանի հոգեհանգստյան արարողությունը։
Ինչպես տեղեկացնում է «Դամասկահայ լրատու» ֆեյսբուքյան էջը, Սևակը զոհվել է մայիսի 25-ին՝ Սիրիայի Իդլիբ նահանգում գտնվող Խան Շեխուն շրջանի զորամասում։
Հայ զինծառայողի մահվան մասին լուրը համացանցում տարածվել է այսօր։
Վերջին օրերին իրավիճակը հայաշատ Հալեպում և Դամասկոսի որոշ շրջաններում համեմատաբար հանդարտվել է, սակայն Հալեպում դարձյալ ջրի սղություն կա, և խմելու ջուր գտնելը քաղաքի բնակիչներին դարձյալ փաստի առաջ է կանգնեցրել:
Հալեպի բնակիչներն օգտագործում են եկեղեցիների, դպրոցների, մզկիթների բակերում փորված հորերից դուրս բերվող ջուրը, ինչը, սակայն, խմելու համար պիտանի չէ և օգտագործվում է բացառապես կենցաղային նպատակներով:
Խմելու համար ոչ պիտանի ջրի օգտագործման հետևանքով թունավորումների բազմաթիվ դեպքեր են արձանագրվել:
Սիրիայում արդեն 3 տարուց ավելի շարունակվող պատերազմի ընթացքում, ըստ տարբեր տվյալների, զոհվել է 130-160 հազար մարդ։ Հայ համայնքը ևս զոհեր է ունեցել։ Սպանված հայերի թիվը, որոնց թվում եղել են նաև սիրիական բանակում ծառայող հայ զինվորներ, անցնում է 100-ը։










