Սիրիայում հումանիտար օգնության կարիք ունեցող մարդկանց թիվը հասել է 10.8 մլն-ի

20:38 • 26.06.14

Սիրիայում հումանիտար օգնության կարիք ունեցող մարդկանց թիվը միայն վերջին կես տարվա ընթացքում ավելացել է 1.5 մլն-ով: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հինգշաբթի ՄԱԿ-ի ԱԽ-ում հայտնել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսը:


«2011-ին ես հայտնեցի Անվտանգության խորհրդին, որ 1 մլն սիրիացի հումանիտար օգնության կարիք ունի: Այժմ նրանց թիվը հասել է 10.8 մլն-ի, որը 1.5 մլն-ով ավելին է, քան 6 ամիս առաջ գրանցված ցուցանիշը», - ասել է Ամոսը՝ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստի ժամանակ:


Նրա տվյալներով՝ 241 հազար մարդ շարունակում է ապրել շրջափակված բնակելի թաղամասերում, ովքեր ի վիճակի չեն հեռանալ այնտեղից: «Մենք չենք կարող հասնել նրանց, որպեսզի կարիքավորներին հասցնենք այնքան անհրաժեշտ հումանիտար օգնությունը», - նշել է Ամոսը: Նրա խոսքով՝ դժվար հասանելի հատվածներում 4.7 մլն մարդ է բնակվում: