Ուկրաինայի հատուկ ծառայությունները Ռուսաստանի ներխուժում էին կանխատեսում ամսական 10 անգամ. Տուրչինով

12:14 • 26.06.14

Երբ Ռուսաստանը ներխուժեց Ղրիմ, ուկրաինական բանակը պատրաստ չէր դիմակայել ագրեսիային. այս մասին «Նովոյե վրեմյա ստրանի» ամսագրին պատմել է Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը, ով Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիայի ժամանակ կատարում էր երկրի նախագահի պարտականությունները, գրում է УНИАН-ը:

 

«Ամսվա ընթացքում մոտ 10 անգամ մեր հատուկ ծառայությունները հաղորդում էին, որ ՌԴ-ի կողմից ռազմական հարձակման ժամանակը որոշված է՝ սովորաբար դա առավոտյան ժամը 3-4-ին էր: Եվ մենք մարտական պատրաստվածությամբ սպասում էինք հրամանատարության կետում… իսկ եղած բանակն էլ պատրաստվում էր արևելյան հարևանի հետ բաց պատերազմի: Բայց դա տեղի չունեցավ: Մտածում եմ՝ Մոսկվան մեր կողմից սխալների էր սպասում, սայթաքումների»,- պատմել է Տուրչինովը:

 

Նրա խոսքով՝ ռուսները Ղրիմը գրավելու համար հարմար ժամանակ են ընտրել. առաջին օրերին երկրի պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ Ուկրաինան ռուսական ագրեսիային կարող է դիմակայել ընդամենը 5 հազար մարդով:

 

Հիշեցնենք, որ Ղրիմը մարտի 16-ին անցկացված հանրաքվեի արդյունքներով առանձնացել է Ուկրաինայից և միացել ՌԴ-ին։