ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիկ Յուրա Մովսիսյանն ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից

11:52 • 26.06.14

Այսօր կառավարության նիստում որոշում կայացվեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը որոշումը պարզաբանեց Յուրա Մովսիսյանի՝ ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար խաղացող լինելով:


«Ֆուտբոլի 2014 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլերին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմի առաջատար ֆուտբոլիստ Յուրա Սերգեյի Մովսիսյանի մասնակցությունն անհրաժեշտ է ապահովել։ Յուրա Սերգեյի Մովսիսյանը հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում, աչքի է ընկնում արդյունավետ խաղով, և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է նրա մասնակցության ապահովումը ֆուտբոլի հավաքական թիմի սպասվելիք խաղերին»,- ասաց նա։


Նշենք, որ ՀՀ կառավարությունը իր 2013 թվականի հունիսի 13-ի № 606 Ա որոշմամբ Յուրա Սերգեյի Մովսիսյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում էր տրվել մինչև 2014 թվականի գարնանային զորակոչը:


«Քանի որ Յուրա Սերգեյի Մովսիսյանի 27 տարին լրանում է 2014 թվականի օգոստոսի 2-ին, հնարավոր չէ նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ կամ երկարաձգել տարկետման ժամկետը։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել ազատել նրան պարտադիր զինվորական ծառայությունից»,- ասաց նախարարը։