Սահմանադրական փոփոխություններ և 100%-անոց համամասնական ընտրակարգ. ինչպես են դրան վերաբերվում ԼՂՀ-ում

15:27 • 27.06.14

Սահմանադրական փոփոխություններ՝ անցում կառավարման խորհրդարանական մոդելին և 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ. այս թեման, առայժմ ոչ հրապարակային՝ ներքին քննարկումների մակարդակում քննարկվում է նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքական–հասարակական շրջանակներում։


Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում հղում անելով նրան, որ ղեկավարում է «Ազատ հայրենիք» կուսակցությունը, նկատեց, որ ձեռնպահ կմնա իր տեսակետը ներկայացնելուց:


«Սակայն առաջիկայում պարզ է լինելու, մենք էլ կարտահայտվենք, կասենք մեր կարծիքը՝ ինչպես ենք տեսնում»,- ասաց Արա Հարությունյանը, ով հարցին, թե նման խնդիրները հասունացա՞ծ էին Ղարաբաղում, թե սա հայաստանյան փորձի ընդօրինակում է, ԼՂՀ վարչապետը նկատեց, թե Հայաստանը ոչ մի կապ չունի և ԼՂՀ–ում միշտ էլ նման քննարկումներ եղել են։


«Խորհրդարանում պարբերաբար լինում են նման քննարկումներ, մանավանդ Դաշնակցությունն է այդ հարցը բարձրացնում՝ 100 տոկոսով համամասնական և պառլամենտական մոդելը: Եվ, դա, կրկնում եմ, ոչ մի կերպ չի առնչվում այսօր Հայաստանում իրականացվող այդ բարեփոխումների հետ»,– վստահեցրեց նա:


Հիշեցնենք, որ կիսանախագահական, նախագահական մոդելի կողմնակիցները մշտապես Հայաստանի պարագայում առաջ են տարել այն թեզը, որ սառեցված հակամարտություն ունեցող երկրում պետք է ուժեղ նախագահական ինստիտուտ՝ միանձնյա որոշումների ընդունման առումով: Բնականաբար, այս թեզը տարածվում է նաև Լեռնային Ղարաբաղի վրա:


Արա Հարությունյանը համաձայնեց այս մասին հարցին ևս պատասխանել՝ նկատելով.«Մենք պատերազմը երբ որ հաղթել ենք, նախագահական ինստիտուտ չի եղել, պառլամենտական է եղել: Եվ Իսրայելի օրինակն էլ կարող եմ բերել, որ պառլամենտական երկիր է և մշտապես գտնվում է պատերազմի մեջ: Բայց թույլ տվեք սրանով սահմանափակվենք»:


Լեռնային Ղարաբաղի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը Tert.am-ի հետ զրույցում դեմ արտահայտվեց կառավարման խորհրդարանական մոդելին:


«Պատերազմի սկզբից Արցախը խորհրդարանական պետություն էր և այն ժամանակ բավականին դժվար էին ընդունվում որոշումները և միայն իշխանության կենտրոնացումը թույլ տվեց դուրս գալ ճգնաժամերից, հատկապես Արթուր Մկրտչյանի (ԼՂՀ խորհրդարանի առաջի նախագահ –Tert.am) մահից հետո, երբ մի քանի ամիս շարունակ չէր հաջողվում խորհրդարանի նախագահ ընտրել և, փաստորեն, քաղաքական ճգնաժամ էր, անիշխանություն, ինչով էլ նաև պայմանավորված ղարաբաղյան ճակատում ծանր կորուստները 1992թ. ամառվանից սկսած: Եվ միայն իշխանության կենտրոնացումը թույլ տվեց հաղթահարել ճգնաժամերը և հաղթանակ ունենալ»:


Հայկ Խանումյանն, ի ամփոփում, նշեց, որ նախագահական կամ խորհրդարանական մոդելից չէ կախված, երկիրը կզարգանա՞, թե ոչ, կլինի՞ արդյունավետ, թե ոչ: Նա , որպես քիչ ֆինանսական ռեսուրսներ ունեցող կուսակցության նախագահ կուսակցության համար ձեռնտու է համարում 100 տոկոսանոց ընտրակարգը, բայց գտնում է, որ 100 տոկոսանոց համամասնականի դեպքում ներկայացուցչականության սկզբունքը խորհրդարանում պակասում է: Այսինքն՝ խորհրդարանը բացի օրենսդիր ու վերահսկող գործառույթներից նաև ներկայացուցչական գործառույթ է կատարում, և այս դեպքում այդ գործառույթը տուժում է:


Հայկ Խանումյանը կարծում է, որ ժողովուրդը պետք է օրենսդիր մարմնում մեծամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրելու հնարավություն ունենա:
 

ԼՂՀ խորհրդարանի անկախ պատգամավոր Վահան Բադասյանը , էլ նշելով, որ «օֆիցիալ քննարկումներ դեռ չկան», մանրամասնեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխվող տարբերակում նախատեսված փոփոխությունների օրենսդրական փաթեթը դեռ ներկայցված չէ խորհրդարան:


Վահան Բադասյանն օրինակ՝ կողմ է սահմանադրական փոփոխությունների, քանի որ ասաց.«Որպեսզի երկիրը լինի դեմոկրատական, պետք է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ: Ես համաձայն եմ դրան»:


Ինչ վերաբերում է կառավարման մոդելին, ապա նա նկատեց, որ ամեն դեպքում իշխանությունը պետք է հավասարակշռված լինի: