Մտացածին հարցազրույցի հրապարակումը լրատվամիջոցի կողմից մինչ այժմ չգերազանցված էժան քայլ է. Յուրի Վարդանյան

17:46 • 27.06.14

Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանը, Tert.am–ի հետ զրույցում անդրադառնալով «Հրապարակ» օրաթերթում տպագրված և իրեն վերագրված հարցազրույցին, ասաց, որ դա մտացածին հարցազրույց է, որն ինքը համարում է լրատվամիջոցի կողմից մինչ այժմ չգերազանցված էժան քայլ։


«Մտացածին հարցազրույցի հրապարակումը համարում եմ մեր լրագրողական դաշտի մասնագիտական նշաձողի իջեցում, որը չէի սպասում անգամ «Հրապարակից»: Եվ ցավում եմ, որ «հարցազրույցի» պատվիրատուներն այդքան հեռուն են գնացել»,- ասաց Յուրի Վարդանյանը։


«Հաշվի առնելով իմ զբաղվածությունը՝ հանձնարարելու եմ իրավաբաններին, որպեսզի դիմեն դատարան և պարզեն, թե ով, ինչու և ինչ պայմաններում կարող էր նման հարցազրույց տալ, և կամ՝ ինչո՞ւ է «Հրապարակը» որոշել դիմել այդ՝ մինչ այս չգերազանցված քայլին»:


Իսկ մինչ այդ Յուրի Վարդանյանն ակնկալում է «Հրապարակ» օրաթերթի ներողությունը: