Աֆրիկյանների տան համար Հանրային խորհուրդը պահանջներ ներկայացրեց պատկան մարմիններին

19:18 • 27.06.14

Հանրային խորհրդի պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանը այսօր հրավիրված նիստի մասնակիցներին ներկայացրեց խորհրդի պահանջները Երևանում պատմամշակութային ժառանգություն համարվող Աֆրիկյանների տան վերաբերյալ: Պահանջները հասցեագրված էին ՀՀ մշակույթի նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին և տարածքի շահագործման իրավունք ստացած ընկերությանը:

«Դադարեցնել ապամոնտաժումը, անհապաղ կերպով քայլեր ձեռնարկել քայքայումից փրկելու համար շենքի մասունքները, ետ բերել քարերը և վերականգնել շենքի ամբողջական պատկերը, վերակառուցել շենքն իր տեղում, չեղյալ համարել հուշարձանների տեղափոխման որոշումը, հուշարձանները պահպանել իրենց տեղերում»,-հայտարարեց նա:

Պահանջների մեջ նշված էր նաև, որ պետք է ապահովել հուշարձանի ամբողջական պահպանությունն ու ինտեգրումը քաղաքի այդ հատվածում իրականացվող քաղաքաշինական ծրագրերին, բոլոր քաղաքաշինական ծրագրերում հաշվի առնել այս շինության գեղարվեստական ու ճարտարապետական արժեքն ու ապահովել դրա շրջակայքում նույն ժամանակաշրջանին թվագրվող շինությունների պահպանումը:

«2008թ.-ին ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան, որի 5-րդ հոդվածում նշված է. «Յուրաքանչյուր կողմ պարտավորվում է արգելել պահպանվող որևէ հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը, բացի այն դեպքից, երբ այդպիսի հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել...»: Հարց է առաջանում, ինչո՞ւ չի կատարվում կոնվենցիայի պահանջը»,-ասաց Ժասմեն Ասրյանը: