Երբ «Եվրոպական ընտրության» համար չեն գտնվում առաջնորդներ, հասարակությունը համակերպվում է եվրասիականության հետ. Բորիս Նավասարդյան
Արևելյան գործընկերության Հայաստանի քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Եվրոպական ընտրություն» նախաձեռնության սառեցված վիճակին, ի պատասխան հարցի, թե Եվրասիական տնտեսական միություն մտնելուց հետո արդեն ուշ չի լինի այս պահին կասեցված եվրոպամետ դաշինքի ստեղծումը, նշեց. «Դրանից հետո շատ հարցեր Հայաստանի քաղաքականության, տնտեսության, անվտանգության հետ կապված կմնան չլուծված և կպահանջեն իրենց լուծումը: Եվ այդ լուծումը միայն այլընտրանքը կարող է առաջադրել, քանի որ համոզված եմ, որ եվրասիականն ինքը այդ լուծումներին չի կարող պատասխանել: Եվ հենց «Եվրոպական ընտրության» գաղափարն, ինձ թվում է, կարող է ունենալ այդ դերակատարությունը: Եվ միայն այդ նախաձեռնությունը, որովհետև ես երրորդ ճանապարհ չեմ տեսնում»։
-Պարո՛ն Նավասարդյան, այն, որ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմի կողմից «Ազատություն» , «Ազգային ինքնորոշում միավորում», «Ազատ դեմոկրատներ», «Հայոց համազգային շարժում», «Հանրապետություն» և այլ կուսակցությունների ու անհատների միջև անցկացված քաղաքական կոնսուլտացիաները անպտուղ մնացին, չի՞ վկայում, որ դեպի եվրասիականություն տանող ճանապարհին այլընտրանք չկա, քանի որ նույնիսկ դրա ջատագովները չնախաձեռնեցին եվրոպական այդ ուղին:
- Ինչ-որ տեղ վերջին ամիսներին այդ՝ դեպի եվրասիական ուղղվածություն, կարծես թե, փոփոխություններ են տեղի ունենում Հայաստանում, և ավելի շատ մարդիկ են կամ համաձայնում, կամ համակերպվում եվրասիական ինտեգրացիայի հեռանկարի հետ, և դա նաև արդյունք է նրա, որ ձևավորված չեն քաղաքական ուժեր, քաղաքական օրակարգեր ու քաղաքական համագործակցության հարթակներ, որոնք ցույց կտային հասարակությանը, որ կան անձինք, կառույցներ, որոնք նաև քաղաքական մակարդակով կարող են պրոցեսն առաջ տանել: Ուրեմն, եթե հասարակությունը քաղաքական դաշտում այդպիսի առաջնորդների չի տեսնում, ապա հասարակությունը, բնականաբար, ավելի կհամակերպվի այն գաղափարի հետ, որ եվրասիական ինտեգրացիան այլընտրանք չունի:
-Եթե առաջիկա օրերին Հայաստանը միանա ԵՏՄ-ին, ապա պասիվ փուլում գտնվող «Եվրոպական ընտրության» նախաձեռնության կարիք կլինի՞:
- Նույնիսկ ավելին կլինի, քան երբևէ, քանի որ անգամ դրանից հետո շատ հարցեր Հայաստանի քաղաքականության, տնտեսության, անվտանգության հետ կապված կմնան չլուծված և կպահանջեն իրենց լուծումը: Եվ այդ լուծումը միայն այլընտրանքը կարող է առաջադրել, քանի որ համոզված եմ, որ եվրասիականն ինքը այդ լուծումներին չի կարող պատասխանել: Եվ դա անմիջապես արտահայտվելու է տարբեր ձևի խնդիրների ծագմամբ, որոնց առաջ կկանգնենք մոտակա ամիսներին: Եվ այդ խնդիրների առկայությունն ու լուծման ճանապարհների բացակայությունը ուզած-չուզած կպահանջեն ինչ-որ այլ նախաձեռնություն, ուղղվածություն, գաղափար, մոտեցում և հենց «Եվրոպական ընտրության» գաղափարն, ինձ թվում է, կարող է ունենալ այդ դերակատարությունը: Եվ միայն այդ նախաձեռնությունը, որովհետև ես երրորդ ճանապարհ չեմ տեսնում:
- Լավ, իսկ այս պահին նախաձեռնության կողմից հասարակական-քաղաքական հարթակի չձևավորման պատճառներից որո՞նք կառանձնացնեիք:
- Մեզ անհրաժեշտ էր մի ընդհանուր ձևաչափ, որտեղ քաղաքացիական հասարակությունը և անհատները պետք է ունենային գործընկերներ՝ ի դեմս քաղաքական ուժերի: Եվ ինչպես մենք տեսանք, կուսակցական արձագանքներից կամ դրանց բացակայությունից դեռ պատրաստ չեն և՛ իրար հետ համագործակցել, և՛ համակարգել քաղաքական կուսակցությունների ու քաղաքացիական հասարակության առանձին անհատներին, որոնք ունեն նույն գաղափարներն ու մոտեցումները համագործակցության առումով: Այսինքն՝ դեռ պատրաստակամություն ու վճռականություն այդ հարցում չկա, և մենք ստիպված ենք դա արձանագրել որպես լուրջ պասիվություն քաղաքական ուժերի կողմից: Եվ նաև՝ ինչը մեզ համար շատ կարևոր է, չկա համագործակցություն նույն գաղափարները կրող քաղաքական ուժերի միջև, ինչը մեր քաղաքական-հասարակական իրավիճակի համար բարենպաստ երևույթ չէ: Եվ քանի որ քաղաքական բաղադրիչն ինքը որևէ կերպ չձևավորվեց այդ նախաձեռնությունում, ապա խոսել ինչ-որ ինստիտուցիոնալ տեսքի մասին, շատ վաղ է: Հուսով եմ, մի օր դա կլինի, եթե լինի, կխոսենք նաև կարգավիճակի մասին: Իսկ եթե չի լինում, ապա քաղաքացիական հասարակությունն արդեն իսկ ունի տարբեր ձևաչափեր:
-Իսկ պատճառը , ըստ Ձեզ, ինչն էր՝ ֆինանսավորման բացակայությունը, թե՞ լիդերների։
- Տարբեր բաներ կարող էին լինել այո՛, և՛ քաղաքական հավակնություններ, և ՛ կուսակցությունների միջև նախկինում եղած հակասություններ, և՛ ֆինանսական ապահովման հետ կապված անորոշությունը: Վերջին հարցի վրա կենտրոնանալը, ըստ իս, անիմաստ է, պետք է սկզբում ձևավորես, ապացուցես, որ կարող ես գործել, ձեռք բերես դաշնակիցներ, և հետո նոր ինչ-որ հավակնություններ ունենաս: Եվ մինչև ձևավորել նման հավակնություններ ունենալը ոչ իրատեսական է:










