Հարկ եղած դեպքում ոստիկանությունը պետք է գործի իրեն վերապահված լիազորությունների ողջ ծավալով. Վ. Գասպարյան
Հունիսի 27-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել հասարակական կարգի ապահովման և արտաքին ծառայությունների պատասխանատուների հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ անդրադառնալով ծառայողական խնդիրների լուծման որակին՝ ոստիկանության պետը նշել է, որ ստորաբաժանումների պատրաստականության անհրաժեշտ մակարդակ հնարավոր է ապահովել միայն պարբերական ու լիարժեք մասնագիտական պարապմունքների միջոցով, ցանկացած ձևական մոտեցում այդ գործին հանգեցնում է սխալների, վրիպումների, արդյունքում՝ առաջադրված խնդրի ոչ լիարժեք կատարման:
Վլադիմիր Գասպարյանը մասնագիտական մակարդակի բարձրացմանը զուգահեռ ընդգծել է հասարակական կարգի ապահովման մեջ ներգրավված ոստիկանի պաշտպանվածության անհրաժեշտությունը:
Ոստիկանության պետը կրկին հիշեցրել է, որ ոստիկանությունը ապաքաղաքական, վերկուսակցական համակարգ է, և պահանջել է այս սկզբունքը ընկալելի դարձնել հասարակության համար:
Կարևորելով անձնակազմի հետ տարվող աշխատանքը՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է, որ հրամանատարներն անձնական պատասխանատվություն են կրում ենթակաների պատրաստականության, անվտանգության, պարտականությունների կատարման որակի համար:
Խոսելով ոստիկանության կողմից որդեգրված հանդուժողական գործելակերպի, զիջողամտության մասին՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է, որ հանդուրժողականությունը դուրս չպիտի գա օրենքի ու տրամաբանության սահմաններից, և հարկ եղած դեպքում ոստիկանությունը պետք է գործի իրեն վերապահված լիազորությունների ողջ ծավալով:
Ոստիկանության պետը հավաքի մասնակիցներին հրահանգել է լիարժեք անցկացնել մասնագիտական պարապմունքները, անհրաժեշտության դեպքում հրավիրել ոլորտի այլ մասնագետների, մշակել համալիր ծրագրեր ցանկացած իրավիճակի համար, հասնել ծառայողների և ստորաբաժանումների գործողությունների կատարյալ փոխհամաձայնեցման, մանրակրկիտ նախապատրաստվել առաջիկայում տեղի ունենալիք մեծ վարժանքներին:
Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը մասնակիցներին կրկին հիշեցրել է ոստիկանների այսօրվա սերնդի գլխավոր առաքելությունը:










