Հորդանանը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և ԱՄՆ-ն պայմանավորվել են աջակցել Իրաքի նոր կառավարությանը

12:10 • 27.06.14

Հորդանանը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և ԱՄՆ-ն պատրաստ են բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Իրաքի նոր կառավարությանը, որը պետք է ձևավորվի երկրի բնակչության հիմնական կրոնական և էթնիկ խմբերի մասնակցությամբ՝ շիաներ, սուննիներ և քրդեր, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

 

Ինչպես նշել են ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչները, 3 արաբական պետությունների արտաքին գործերի նախարարներն այդ մասին վստահեցրել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ընթացքում, որը կայացել է հինգշաբթի Փարիզում։

 

«Զրույցի բոլոր մասնակիցներն ընդգծել են, որ ներկայիս իրավիճակն անհրաժեշտ է փոխել, եթե ցանկանում ենք հասնել դրական շարժերի»,- նշել է ամերիկացի ներկայացուցիչներից մեկը։


Նա նաև ասել է, որ արաբական երկրների ԱԳՆ ղեկավարները «խորապես անհանգստացած են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից աճող սպառնալիքի առնչությամբ»։

 

Քերին և նրա գործընկերները համաձայնել են, որ այդ խմբավորումը սպառնալիք է ողջ շրջանի համար։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել է, որ հանդիպման մասնակիցները քննարկել են նաև «սիրիական ընդդիմությանը» օգնություն հատկացնելու հարցը, որը շարունակում է պայքարել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ։