ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Լատվիայում քննարկել է համագործակցության խորացման հարցեր
Հունիսի 26-ին Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչի հրավերով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ժամանել է Ռիգա:
Նույն օրը Հայաստանի արտգործնախարարը հանդիպում է ունեցել Լատվիայի Սեյմասի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Լատվիայի խորհրդարանի ղեկավարն ասել է, որ Հայաստանը հանդիսանում է Լատվիայի կարևոր գործընկերը Հարավային Կովկասում, և երկու երկրների հարաբերություններն առանձնանում են բաց և կառուցողական քաղաքական երկխոսությամբ և հարաբերությունները զարգացնելու պատրաստակամությամբ։ Սոլվիտա Աբոլտինան ընդգծել է, որ Լատվիայի Սեյմում Հայաստանի Ազգային ժողովի հետ բարեկամության միջխորհրդարանական խումբը ամենաբազմանդամներից մեկն է, կարևորել է երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների միջև համագործակցության ձևավորումը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է խորհրդարանական դիվանագիտությունը` որպես երկրների և ժողովուրդների միջև համագործակցության կարևոր ձևաչափ:
Հանդիպմանը երկուստեք գոհունակություն է հայտնվել խորհրդարանական մակարդակով հայ-լատվիական ակտիվ համագործակցության և փոխայցելությունների կապակցությամբ, ինչը լրջորեն նպաստում է միջպետական հարաբերությունների զարգացմանը։ Կարևորվել է անցյալ տարի առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը և դրա անդրանիկ նիստի արդյունավետ անցկացումը։
Լատվիայի Սեյմասի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում փոխհարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ՝ հատկապես կարևորելով առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղիների որոնումը։
Հանդիպմանն արծարածվել են Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունները, 2015թ. առաջին կիսամյակում ԵՄ-ում լատվիական նախագահության առաջնահերթությունները։
Զրուցակիները մտքեր են փոխանակել նաև ուկրաինական ճգնաժամի և դրա հանգուցալուծման ուղիների շուրջ։
Նախարար Նալբանդյանի օրակարգում էր նաև հանդիպումը Սեյմասի Լատվիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Իվանս Կլեմենտյևսի և խմբի անդամների հետ:
Պատգամավորների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, քննարկվել են հայ-լատվիական հարաբերությունների, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության առավել ընդլայնմանն առնչվող հարցեր:
Հունիսի 27-ին Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է իր լատվիացի գործընկերոջ՝ Էդգարս Ռինկևիչի հետ:
Ողջունելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին՝ Լատվիայի արտգործնախարարն ասել է, որ ջերմությամբ է հիշում Երևան կատարած իր այցելությունը և ուրախ է, որ այդ ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում։
Զրույցի ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Ռինկևիչը գոհունակությամբ նշել են, որ Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգանում են. անցած տարիների ընթացքում տեղի են ունեցել երկու երկրների Նախագահների, ինչպես նաև՝ արտաքին գործերի նախարարների փոխադարձ այցելություններ, մի շարք հանդիպումներ միջազգային համաժողովների շրջանակներում:
Էդվարդ Նալբանդյանն ու Էդգարս Ռինկևիչը անդրադարձել են բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական բնագավառներում հարաբերությունների զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին։
Նախարարներն ընդգծել են, որ իրենց ղեկավարած գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունները լավ հիմք են ստեղծում համագործակցության առավել զարգացման համար:
Բանակցությունների օրակարգում էին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության և միմյանց թեկնածությունների աջակցության հարցերը:
Երկուստեք նշվել է, որ վերջին շրջանում առավել ընդլայնվել է Հայաստանի և Լատվիայի միջև իրավապայմանագրային դաշտը և հարկավոր է այն համալրել կրթական, գիտական և մշակութային փոխգործակցության խորացմանը միտված համաձայնագրերով։
2015թ. առաջին կեսին Եվրոպական միությունում Լատվիայի նախագահության համատեքստում քննարկվել է Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությունը:
Նախարարական հանդիպման օրակարգում էին առևտրատնտեսական համագործակցության առավել ամրապնդման ու ընդլայնման հարցերը: Այդ առումով կարևորվել է գործարար համաժողովների կազմակերպումը։
Էդվարդ Նալբանդյանը լատվիացի գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային արդի խնդիրների՝ ուկրաինական ճգնաժամի, Սիրիայում տիրող իրավիճակի, Իրաքում տեղի ունեցող զարգացումների, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ։
Էդվարդ Նալբանդյանն իր լատվիացի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան:
Նախարարների հանդիպումից հետո նրանք հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով:
Ռիգայում Էդվարդ Նալբանդյանը այցելել է հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ հանդիպում է ունեցել Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։










