Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Նեյմարը հաղթել է Playboy ամսագրի դեմ դատը

11:04 • 27.06.14

Բրազիլիայի դատարանը բավարարել է ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նեյմարի հայցը և որոշում կայացրել հարավամերիկյան երկրում վաճառքից հանել Playboy ամսագրի հունիսյան համարը, գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով բրազիլական ԶԼՄ-ներին:

 

Դատարան էր դիմել Նեյմարի շահերը ներկայացնող «HP Սպորթս» ընկերությունը, որը մեղադրել է ամսագրին ֆուտբոլիստի անձնական կյանքի մասին սուտ տեղեկություններ տարածելու համար։

 

Տղամարդկանց համար ամսագրի հունիսյան համարի՝ Բրազիլիայի հավաքականի համազգեստին բնորոշ գույներով արված շապիկին հրապարակվել է մոդել Պատրիսիա Ժորդանիի լուսանկարը՝ «Սևահեր կինը, ով հիացրել է Նեյմարին» գրությամբ:

 

Ավելի վաղ բրազիլական ԶԼՄ-ներում բազմիցս տեղեկություններ էին հայտնվում, որ շապիկին հայտնված մոդելն իբր սիրավեպ է ունեցել ֆուտբոլիստի հետ:

 

«Հրատարակությունը ոչ միայն սուտ է տարածել Նեյմարի անձնական կյանքի մասին, այլև ոչ պատշաճ ձևով է օգտագործել նրա անունը, այսինքն՝ առանց թույլտվություն ստանալու «HP Սպորթս» ընկերությունից, որը պատկանում է մարզիկի ծնողներին և նրա նկարների, անվան և այլ բաղադրչների իրավունքների միակ սեփականատերն է»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ։