Նորվեգիայի վարչապետը եվրոպացի առաջնորդների շրջանում Twitter-ի ամենաակտիվ օգտատերն է ճանաչվել
Նորվեգիայի վարչապետ Էռնա Սուլբերգը Եվրոպայի երկրների և կառավարությունների ղեկավարների շրջանում Twitter սոցիալական ցանցի ամենաակտիվ օգտատերն է ճանաչվել։ Այդ մասին վկայում են Burson Marsteller միջազգային PR գործակալության հրապարակած տվյալները, գրում է ИТАР-ТАСС-ը:
Սուլբերգը, ում Twitter-ի բաժանորդները 95 հազար են, չի տարբերվում հրապարակումների ռեկորդային քանակով, սակայն նա այլ արևմտյան երկրների իր գործընկերներից առավել հաճախ է պատասխանում օգտատերերի տված հարցերին:
Գործակալության գնահատականների համաձայն՝ Սուլբերգի թվիթների 74 տոկոսն իր բաժանորդների հետ ուղիղ հաղորդակցությունից է: Այդ ցուցանիշով նորվեգացի վարչապետից առաջ են անցում միայն չորս բարձրաստիճան քաղաքական գործիչներ՝ Ուգանդայի վարչապետը, Էկվադորի նախագահը, ինչպես նաև Ռուանդայի արտգործնախարարն ու վարչապետը:
Այս տարվա ձմռանը Twitter-ում Սուլբերգի ակտիվությունը գնահատվել է նաև իր հայրենիքում, որտեղ նրան շնորհել են նորվեգական մրցանակ սոցիալական մեդիայի ոլորտում «լավագույն թվիթ» անվանակարգում: Սոցցանցի օգտատերերին դուր էր եկել Սուլբերգի պատասխանը վարչապետի պաշտոնում իրեն նախորդած Ենս Սթոլթենբերգին, որն իր էջում գրել էր, որ տեղափոխությունից հետո ոչ մի կերպ չի կարողանում գտնել ամսագրից կտրած ծովատառեխի իր սիրելի աղցանի բաղադրատոմսը:
«Ողջույն, Ենս, ցավոք, ես ծովատառեխով ոչ մի բաղադրատոմս վարչապետական նստավայրում չեմ գտել»,- գրել էր Սուլբերգն իր քաղաքական հակառակորդին՝ կցելով «սմայլիկ»:










