Այսօր ավարտվում է Ուկրաինայի արևելյան շրջաններում Պորոշենկոյի հայտարարած զինադադարի վերջնաժամկետը
Ուրբաթ՝ ժամը 10:00-ին (երևանյան ժամանակով՝ ժամը 11.00-ին), լրանում է օրեր առաջ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայտարարած կրակի դադարեցման ժամկետը, գրում է Взгляд-ը:
Հիշեցնենք, որ նախագահը երկրի հարավ-արևելյան շրջաններում հրադադար էր հայտարարել հունիսի 20-ին։
Փաստաթղթում նշվում էր, որ «եթե զինված հարձակում տեղի ունենա ուկրաինական ստորաբաժանումների և խաղաղ բնակչության վրա, զինվորականները պատասխան կրակ կբացեն»:
Չնայած Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում հայտարարված զինադադարին՝ իրավիճակն այնտեղ շարունակում է լարված մնալ: Ուկրաինական կողմի պնդումների համաձայն՝ զինադադարի 5 օրերին ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անջատողականները խախտել են կրակը դադարեցնելու ռեժիմը 44 անգամ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստանում է հունիսի 27-ին «շատ կարևոր որոշում կայացնել», եթե երկրի արևելյան շրջանների անջատողականները չընդունեն իր ներկայացրած խաղաղ ծրագրի պայմանները:










