Շվեդիայի արքայազն Կարլ Ֆիլիպը նշանադրվել է
Շվեդիայի արքայազն Կարլ Ֆիլիպը հայտարարել է իր ընկերուհու՝ մոդել Սոֆիա Հելքվիսթի հետ նշանադրության մասին: Ինչպես գրում է Lenta.ru-ն՝ այս մասին ուրբաթ՝ հունիսի 27-ին, հաղորդվել է Թագավորական պալատի կայքում: Ինքը՝ Կարլ Ֆիլիպը հաստատել է այս տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում:
«Սոֆիան «այո՛» է պատասխանել իմ առաջարկին՝ միասին անցկացնել մեր մնացած կյանքը: Այսօր մեզ համար երջանիկ օր է», - Շվեդիայի արքայազնի խոսքը մեջբերում է expressen.se պարբերականը:
Այս առթիվ ուրբաթ հատուկ մամլո ասուլիս է կայացել: Հարսանիքի հստակ ամսաթիվը դեռևս չի որոշվել, սակայն հարսանյաց արարողությունը նախատեսվում է անցկացնել 2015-ի ամռանը:
Զույգը ծանոթացել է դեռևս 2009-ին՝ Ստոկհոլմի գիշերային ակումբներից մեկում: Մեկ տարի անց նրանց հարաբերությունները ռոմանտիկ բնույթ են ստացել: Սոֆիան նախկինում որպես մոդել աշխատել է տղամարդկանց ամսագրերի համար, ինչի պատճառով Շվեդիայի թագավորական ընտանիքը դժվարությամբ է ընդունել արքայազնի ընտրյալին:
Կարլ Ֆիլիպը գահի երրորդ թագաժառանգն է՝ իր քույր արքայադուստր Վիկտորիայից և նրա դստեր՝ Էստելից հետո:










