Դամասկոսում հրթիռակոծության հետևանքով մահացել է սիրիական սերիալների աստղը
Դամասկոսում հրթիռակոծության զոհերի թվում է հայտնվել նաև սիրիացի դերասանուհի Սյուզան Սալմանը, ով նկարահանվել է հեռուստասերիալներում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով SANA գործակալությանը։
Քայմարիա բնակելի թաղամասի գնդակոծության հետևանքով զոհվել է 8 մարդ, 20-ը ստացել են վնասվածքներ։ Առաջին հրթիռն ընկել է դերասանուհու հարևանի տան վրա, ինչի մասին նա գրել է Facebook սոցկայքում. «Ալլահ, փրկիր։ Ռումբն ընկել է անմիջապես իմ հարևանուհու տան առաջ»։
Դերասանուհու հարևանուհին պատմել է, որ Սալմանը գտնվել է իր տանը, որը նույնպես հրթիռակոծվել է։ Սակայն Սալմանը որոշել է վերադառնալ իր տուն, հարևանուհուն չի հաջողվել նրան ետ պահել։ Ռումբն ընկել է անմիջապես այն սենյակի վրա, որտեղ գտնվել է դերասանուհին։
Մեկ օր առաջ սերիալի նկարահանող խումբը, որում խաղացել է Սալմանը, հրաշքով է փրկվել մահից, երբ այն տունը, որտեղ ընթացել են նկարահանումները, ենթարկվել է հարձակման։
Սալմանը խաղացել է մի շարք հեռուստասերիալներում։ Նրա վերջին աշխատանքը, որը հեռարձակվել է սիրիական հեռուստատեսությամբ, դարձել է 30 սերիայից բաղկացած «Այդ ամբողջ սերը» սերիալը, որը պատմություն է պատերազմի ընթացքում սիրավեպի մասին։










